Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հնարավորության մասին

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի բացակայության խնդրի լուծումը չի կարելի բարդել հաջորդ սերունդների ուսերին: Վարչապետի խոսքը մեջբերվում է նրա գրասենյակի կայքում։

«Ճապոնիայի բազային դիրքորոշումը Հյուսիսային տարածքների շուրջ հարցի լուծումն է եւ հաշտության համաձայնագրի կնքումը: Ես կցանկանայի ուժեղ թափով աշխատել այդ խնդրի լուծման վրա՝ ակնթարթ իսկ չմտածելով այն հաջորդ սերունդների ուսերին թողնելու մասին»,-նշել է Կիսիդան:

Վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերին, կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, ինքն անհապաղ հեռախոսային բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ի թիվս այլ հարցերի, մենք համաձայնել ենք, որ կողմերը պետք է լրջորեն այդ խնդրի լուծմամբ զբաղվեն առկա համաձայնությունների, այդ թվում այն բանի հիման վրա, ինչը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականին»,-ասել է Կիսիդան:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին:

Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչեւ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս