Իրանը Վիեննայում ներկայացրել է միջուկային գործարքին վերադառնալու փաստաթղթերի նախագիծ
Թեհրանը Վիեննայում լիակատար ծավալով միջուկային գործարքի վերականգնմանը նվիրված բանակցությունների կողմերին է ներկայացրել համաձայնագրի նախագիծ երկու փաստաթղթերի տեսքով: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին:
«Իրանը ներկայացրեց երկու թեմաների՝ անարդարացի պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային ծրագրի հարցերի շուրջը նախնական տեքստի՝ իր տարբերակը»,- մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգման հարցին նվիրված բանակցությունների յոթերորդ փուլն սկսվել է նոյեմբերի 29-ին Վիեննայում այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել էին Իրանում կայացած ընտրությունների պատճառով:
2021 թվականի ապրիլից մինչեւ հունիս տեղի ունեցած փուլերում ԳՀՀՊ-ի մասնակից երկրների եւ ԱՄՆ-ի բանագնացներին հաջողվել է որոշել, թե Իրանի նկատմամբ ամերիկյան որ պատժամիջոցներն են ենթակա չեղարկման, եւ կազմել այն քայլերի ցանկը, որոնք Թեհրանը պետք է անի՝ իր միջուկային պարտավորություններին վերադառնալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: