Կորոնավիրուսի պատճառով մահերի թիվն աշխարհում մեկ շաբաթում 10 տոկոսով կրճատվել է
Անցյալ շաբաթ աշխարհում գրեթե 3,8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 47 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 1-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ մնացել է նախկին մակարդակում, իսկ մահացու վախճանների թիվը 10 տոկոսով նվազել է։
Եվրոպային է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի 70 տոկոսը եւ մահերի 61 տոկոսը. նշվել է հիվանդացության 7 տոկոսով աճ, մինչդեռ մահացությունը նվազել է 2 տոկոսվ: Հիվանդացության զգալի աճ է արձանագրվել Աֆրիկայում (93 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (24 տոկոսով): Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ վարակման էապես քիչ դեպքեր են եղել Ամերիկայում (24 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (11 տոկոսով): Մահացությունն աճել է Հարավ – արեւելյան Ասիայում (26 տոկոսով) եւ Աֆրիկայում (7 տոկոսով), բայց կրճատվել է Ամերիկայում (36 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (8 տոկոսով):
Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 22-ից մինչեւ 28-ն աշխարհում հայտնաբերվել են 3 799 878 վարակված եւ մահվան 47 524 դեպք: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին է հայտնել ԱՄՆ-ը (464 800): Այնուհետեւ գալիս են Գերմանիան (406 754), Մեծ Բրիտանիան (304 374), Ռուսաստանը (239 215) եւ Ֆրանսիան (190 402):
Աշխարհում գերակշռել շարունակող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել է անալիզների 99,8 տոկսի դեպքում, նշում է ԱՀԿ-ն: Ինչ վերաբերում է օմիկրոն շտամին, ապա, տեղեկագրի համաձայն՝ դրա մասին «հաղորդումներ են ստացվել սահմանափակ թվով երկրներից»: Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գտնվում է այդ տարբերակի տարածման էպիկենտրոնը, «վերջերս վարակման դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել մի ամբողջ շարք նահանգներում»: Նոյեմբերի 30-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 261 435 768 դեպք եւ 5 207 634 մահացու վախճան:
Վերջին օրը վարակվածների թիվն աճել է 398 754-ով, մահացել է 5 901 մարդ: Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 47 945 945: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (34 587 822) եւ Բրազիլիան (22 080 906): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 773 083, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (614 278), երրորդը՝ Հնդկաստանը (468 980), հաղորդել է ՏԱՍՍ-ը: