Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

«Շուրջ 1 տարի գործող ծրագրից օգտվել են գազաֆիկացված բնակավայրերում՝ 28 հազար 967 բնակիչ-բաժանորդ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում՝ 3000 բնակիչ բաժանորդ:

Նոր որոշումը կարող է նպաստել էներգախնայողությանը եւ թույլ կտա խուսափել հովհարային անջատումներից։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը Արցախի Հանրային Հեռուստատեսությանն ասել է, որ բնական գազի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։ Այն բնակիչ բաժանորդների համար, ովքեր բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում, էլեկտրական էներգիայի սպառման գծով աջակցությունը ևս կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը։ 1 բնակիչ-բաժանորդի համար սահմանված աջակցության առավելագույն չափը կմնա անփոփոխ, մասնավորապես` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների համար բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 մ/խ ներառյալ, չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում` էլեկտրաէներգիայի սպառման գծով մինչև 1500 կվտ/ժ ներառյալ:

Նոր որոշմամբ՝ 2022 թվականի հունվարի 1-ից կավարտվի ներտնային գազասպառման համակարգի տեխսպասարկման ծառայության վճարի փոխհատուցումը։

Այն բնակիչ-բաժանորդները, ովքեր վարձակալությամբ համատեղ են բնակվում և հանդիսանում են ենթասպառող, ևս ծրագրի շահառու են։ Նրանք համատեղությամբ վարձակալությունը հավաստող փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց և հաշվառելուց հետո կստանան սահմանված սահմանաչափերին դրամական փոխհատուցում, այսինքն՝ բնական գազի դիմաց 25 հազար 20 դրամ, իսկ չգազաֆիկացված բնակավայրերում էլեկտրական էներգիայի դիմաց՝ 22 հազար 500 դրամ։

25 հազար 20 դրամ փոխհատուցումը կտրամադրվի նաև այն բնակիչ-բաժանորդներին, ովքեր վարձակալության հիմունքներով բնակվում են գազաֆիկացված բնակավայրերի չգազաֆիկացված բնակարաններում»,- ասված է հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս