«Ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին՝ նա այդքան միամիտ և անկարող չէ». Լարիսա Ալավերդյան

«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:

Նա ընդգծեց, որ այն քարտեզը, որով 1919թ. Ադրբեջանը դիմել է Ազգերի լիգա, Հայաստանի Հանրապետության համար այդտեղ առանձնացված է Սևանի կեսով մինչև Երևան. «Այսինքն՝ Ադրբեջանը նոր բան չի ասում, նա իրականացնում է իր ծրագիրը՝ Հայաստանը դարձնում է Ադրբեջանի անկլավ»:

Հարցին՝ սա՞ է խաղաղության դարաշրջանը, նա պատասխանեց. «Ըստ երևույթին, 100 տարի առաջ հայրենազրկել են Արևմտյան Հայաստանը, հիմա հայրենազրկում են Հայաստանի մյուս մասերը, երրորդ քայլով էլ ծրագիր է դրված անկլավ դարձնել և ոչնչացնել մնացած մասը: Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս իշխանության կամոք, բայց սա չի նշանակում, որ դա տեղի է ունենում ժողովրդի կամ ազգի կամոք: Այո, այս իշխանությունը իր դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ համարում է, որ լուծել է Արցախի հարցը և հիմա պետք է Սյունիքի հարցը լուծել, բայց մենք պետք է ասենք, որ դա թույլ չենք տալու»:

Լարիսա Ալավերդյանը նաև պարզաբանեց, թե ինչու Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը օրակարգային չէր. «Նրանք այնտեղ բարձրագույն բաների մասին են խոսել, իսկ կներեք, էլի, իրենց համար գերիներ՝ 10 հոգի, 100 հոգի, ի՞նչ հաշիվ է: Այնտեղ լուծվել են մեծ խնդիրներ, և երբ ասում են՝ ճնշման տակ է Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել, ես չեմ հավատում: Դա սրտից բխած, նույն համընկնությունն է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի հետ: Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը կարող էր չգնալ, որովհետև Հայաստանի դերակատարությունը զրոյացված է: Խոշոր առևտուր է գնում, և հայի ցավը, գերիների ընտանիքը նրանց չեն հետաքրքրում: Երբ մենք խոսում ենք հայկական շահերի մասին, պետք է հստակեցնենք՝ մենք խոսում ենք ազգային շահերի՞, թե՞ այս իշխանությունների շահերի մասին, որովհետև դրանք տարբեր են: Այնտեղ Հայաստան չկար, կար իշխանության ներկայացուցիչ, որը համաձայն է այդ ամենի հետ, այլ հարց է, որ մանիպուլյացիաներով փորձում են ցույց տալ, թե իբր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տապալեց բոլորին և այլն. դա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, իրոք անմեղսունակի տեղ են դնում: Դուք նայեք քարտեզին և տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ է, ես ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին բոլոր նրանցից, ովքեր ասում են, թե նա չի կարողանում, ունակ չէ, և այլն. Բացարձակապես, նա ձեռքին ունի հստակ մշակված ծրագիր, որով գնում է: Ինչ վերաբերում է նրա հայտարարած տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն, ապա Էրդողանը ասել է, որ այս դարը Թուրքիայի դարն է, և այս իշխանությունը գոնե նոր գործընկերների հետ պետք է իրեն համաձայնեցված պահի և չհակասի այն ամենին, ինչ ասում է Էրդողանը: Էրդողանը չարաչար սխալվում է, չարաչար սխալվում է նաև այս իշխանությունը: Նրանք այնպես են սայթաքելու, որ ես ստիպված եմ լինելու իրենց իրավունքները պաշտպանել այն տեղերում, որտեղ իրենք հայտնվել են: Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի մտածում այն, ինչ ասում է, նա ասում է այն, ինչով պետք է խաբվի և մոլորության մեջ ընկնի ժողովուրդը, այնինչ հրաշալի գիտի Փաշինյանը, որ այն, ինչ պահանջվում է իրենից, քարտեզի վրա մինիմում գինն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս