Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում. ԵՄ պաշտոնյա

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է  Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոյականը:

Հրապարակման համաձայն, Դիվինն ասել է նաև, որ Բրյուսելը հանձնառու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։

«Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են,- ընդգծել է Միության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան գործընկերության ու Ռուսաստանի գծով փոխտնօրեն Լյուկ Դիվինը՝ շարունակելով,- Ակնհայտ է, որ իրավիճակը մեծապես գտնվում է զինվորականների ձեռքում, և նրանց, ովքեր զենք ունեն տեղում, այդ պահին՝ դա լոկ Ռուսաստանն է»։

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը պնդել է՝ Բրյուսելն անում է այն, ինչ կարող է անել։ Բարձրաստիճան դիվանագետը կտրականապես մերժել է քննադատությունը, թե արվածը բավարար չէ։ «Հավելյալ էլ ի՞նչ կարող է արվել Եվրամիության կողմից ռազմական ուժի բացակայության պայմաններում։ Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչ միայն Ֆրանսիան, այլև Միացյալ Նահանգներն էլ զորք չունի տեղում։ Եվ երբ հրացանները կրակում են, ինչը եղավ անցած տարի, շատ բարդ է դիվանագետների համար դա կանխել կամ կանգնեցնել», – հայտարարել է Դիվինը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն այս հարցերով աշխատում է  թե Մոսկվայի, թե Անկարայի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ստոկհոլմում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս