Բաժիններ՝

Երեք ամսում հացի և կաթնամթերքի գներն աճել են

«Հայաստանում վերջին երեք ամսում ամեն ինչ թանկացել է. շաքարավազը, կաթնամթերքը, հացը: Օրինակ, կաթնամթերքը 3 ամսում թանկացել է մոտ 10 տոկոսով, իսկ հացի դեպքում գների աճն ավելի շուտ պայմանավորված է արտաքին գործոններով. ալյուրը հիմնականում ներկրում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ, օրինակ, Ռուսաստանում ևս հացահատիկի գների աճ կա, իսկ Հայաստանը հիմնականում այնտեղից է ներմուծում ցորենի և կերերի մեծ մասը։

«Խնդիրն այն է, որ եթե 2020 թվականին 1 տոննա ցորենը կարելի էր գնել մոտ 120 դոլարով, 2021 թվականին այն դարձել է մոտ 190 դոլար։ Վերջին ամիսներին էլ շեշտակի բարձրացել է՝ հասնելով 250-290 դոլարի»,- ասաց նա:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի դիտարկմամբ՝ անասնակերի պակաս կա, քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի մի շարք շրջաններ օկուպացվելուց հետո արոտավայրերը մնացել են նրանց վերահսկողության ներքո:

«Անասնակերի պակասի պատճառով անասնակերի հակի գինը թանկացել է: Գյուղացիների մի մասը, ստիպված, անասունները մորթում, վաճառում է, մի մասն էլ՝ անասունների որոշ մասն է վաճառում, որ մնացածի համար թանկ գնով անասնակեր գնի: Արդյունքում՝ մսամթերքի ու կաթնեղենի վաճառքի գները թանկանում են»,- պարզաբանեց Սարգիս Սեդրակյանը:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է՝ 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 4.8%-ով: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի՝ 8.8%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ` 2.5% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է՝ 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են՝ 11.0%, 17.3% և 7.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0%, 1.2% և 1.5%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է՝ 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս