Սայաթ Շիրինյանի դեմ քրգործ է հարուցվել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա
Քաղաքական հետապնդում, լռեցնելու փորձ: Այսպես է բնութագրում իր դեմ հարուցված քրեական գործը «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: Այս մասին գրում է yerevan.today–ը։ Նշենք, որ նա մեղադրվում է հրապարակային բռնության կոչեր հնչեցնելու համար, իբրև թե Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում արյունահեղության կոչեր է հնչեցրել:
Գործը հարուցվել է անցած տարի դեկտեմբերի 23-ին, Շիրինյանը ձերբակալվել է, սակայն հետագայում առաջին ատյանի դատարանը ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի: Դատախազության բողոքից հետո վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, դատախազությունը բողոքել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել:
«Կա ընդամենը մեկ հոգու ցուցմունք և այդ մի հոգին հիմա արդեն դարձել է Քանաքեռ Զեյթունի ոստիկանության բաժնի պետ, մինչ այդ նա Արաբկիրի ոստիկանության օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր՝ Զորիկ Ավդիշոևը: Վստահ եմ, որ հենց իր գործը լավ անելու համար էլ պաշտոն է ստացել: Բայց ինչն է հետաքրքիր, որ քննիչը զննությամբ նմանատիպ գրառում, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, չի հայտնաբերել»,-ասաց Սյաթ Շիրինյանը:
Նրա խսքով՝ քննիչը հարցաքննել է իր ֆեյսբուքյան ընկերներից 20-ից ավելի մարդկանց, որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում և որևէ մեկը նման հրապարակում չի տեսել, բայց գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
«Ինչպես այս իշխանությունները սովոր են, գործ կարել մեկի ցուցմունքով, նույն դեպքն էլ հիմա է: Քննիչը հարց է տալիս Զորիկ Ավդիշոևին, թե ինչպես կպարզաբանեք, որտեղ եք տեսել այդ գրառումը, վերջինս էլ ասում է, թե չեմ հիշում: Մեղադրանքի էությունն այն է, որ ես ոչ թե գրառում եմ արել, այլ ինչ-որ մեկին քոմենթ եմ գրել և ում որ ես գրել եմ, նա էլ է պնդում, որ նման բան չկա:
Այստեղ կոպիտ դատավարական խախտումներ էլ կան, եթե ինքը նման գրառում հայտնաբերել էր, ապա պետք է արձանագրություն կազմեր, ընթերականներով պետք է փաստը արձանագրեր, որ իսկապես իմ էջում կա այդպիսի գրառում, ըստ էության ինձ վերագրում են այնպիսի արարք, որ ես չեմ արել»,-ասաց նա:
Շիրինյանը նաև տեղեկացրեց, որ իր դեմ գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պռազյանի գրառումը, որտեղ ոչ թե սքրինշոթ է տեղադրված, այլ իր նկարը և տեքստ A4 ֆորմատով թղթի վրա:
«Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք իմ նկարով կարող է ցանկացած տեքստ տպել և դա վերագրել ինձ: Հիմքեր չկան, քննիչը իր զնզնությամբ նման գրություն չի հայտնաբերել, վկաները չեն տեսել նման գրառում,բայց գործ է հարուցվում և գործն էլ դատարան է մտնում: Առաջին նիստին էլ դատախազը խուսափեց, չեկավ, հիմա արդեն մտել ենք դատական փուլ:
Խնդիրը քաղաքական է, այստեղ քրեական որևէ բան չկա, լռեցնելու փորձ է, գոյություն չունեցող մեղադրանք: Ես բազմիցս քննադատել եմ այս իշխանությանն ու ուժային կառույցներին, այդ թվում դատախազությանը, հիմա փորոձում են վրեժխնդիր լինել», -եզրափակեց Սայաթ Շիրինյանը:
Նշենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: