«Պատերազմից ավելի քան մեկ տարի անց Ադրբեջանը մեր հարյուրավոր հայրենակիցների գերության մեջ է պահում և խոշտանգումների ենթարկում Բաքվի բանտերում»․ Սերժ Սարգսյան
«XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով 44–օրյա պատերազմին, ասել է․
«Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։
Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ-հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները»։