Իսրայելի ԱԳՆ. Միայն իրական ռազմական սպառնալիքը կկանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը
Միայն իրական ռազմական սպառնալիքը կկանգնեցնի Թեհրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
Կողմերը քննարկել են Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք սկսվել են երկուշաբթի օրը գրեթե վեցամսյա դադարից հետո։
Լապիդը Մակրոնին ասել է, որ Իսրայելը կարծում է, որ Իրանը պարզապես ժամանակ է շահում բանակցություններում՝ իր միջուկային ծրագրի առաջխաղացումը շարունակելու եւ տնտեսական պատժամիջոցներից ազատվելու համար: Իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ընդգծել է բանակցությունների ձախողման դեպքում արդյունավետ «պլան Բ»-ի մշակման անհրաժեշտությունը, հայտնում է Times of Israel-ը։ «Իրանի դեմ պատժամիջոցները չեն կարող չեղարկվել. Պատժամիջոցները պետք է խստացվեն, իրական ռազմական վտանգ կիրառվի, քանի որ միայն դա կկանգնեցնի միջուկային մրցավազքը (Իրանի):
Լապիդը խոստացել է, որ ինքը, վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ պաշտպանության նախարար Բենի Գանցը կշարունակեն աշխատել Իրանի միջուկային սպառնալիքի մասին աշխարհին տեղեկացնելու ուղղությամբ:
ԱԳՆ-ն հանդիպումը «ջերմ ու երկար» է անվանել։