Փաշինյանն աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին, ում անունը կապվում է Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններին

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքից ազատել է Կառավարության պաշտոնյայի, ում անունը կապվում է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների հետ: E-gov.am-ից տեղեկանում ենք, որ  ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Նիկոլ Փաշինյանն ազատել է Հրաչյա Թաշչյանին վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից: Առաջին հայացքից սա կարող է Կառավարության հերթական որոշումը  դիտարկվել: Սակայն նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով  Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային, ասել էր, որ իրենից բացի՝ եղել է ևս մեկ պաշտոնյա, որը մասնակցել է Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն,  Վանեցյանը չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

Վանեցյանի պնդումներին հաջորդեցին լրատվական արտահոսքեր այն մասին, որ  այդ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է, ով, ըստ այդ հրապարակումների, WhatsUp ցանցով  կապի մեջ է եղել  Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, ով Ադրբեջանում առանցքային պաշտոնյա է  և Իլհամ Ալիևի աջ ձեռքն է համարվում: Ի դեպ, այս տեղեկատվությունը Կառավարությունը  ոչ հերքել էր, ոչ հաստատել որևէ լրատվամիջոցով:

Թե ինչ բնույթի, բովանդակության  բանակցություններ է վարել Թաշչյան-Հաջիև զույգը, կարելի է միայն ենթադրել, քանի որ այդ մասին որևէ տեղեկատվություն ոչ մամուլում, ոչ որևէ այլ աղբյուրում չկա: Սակայն ակնհայտ է, որ Վանեցյանի  բացահայտումն ու հետագա արտահոսքերը Նիկոլ Փաշինյանի սրտով չեն, ով անմիջապես այս բացահայտումից հետո,  ժամկետից շուտ աշխատանքից ազատեց փորձառու դիվանագետ համարվող Հրաչյա Թաշչյանին՝ ամենայն հավանականությամբ, ջանալով պահել Ադրբեջանի հետ խորհրդապահական գործընթացի լիարժեք գաղտնիությունը: Փորձառու դիվանագետի համարում ունեցող Թաշչյանը, որին հենց Փաշինյանն էր իր օգնականի, այնուհետև՝  վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոններում նշանակել, դժվար թե առանց իր հետ համաձայնության  որևէ ինքնագործունեություն ծավալեր: Այս ամենից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ խորհրդապահական գործընթացը ներկայիս փուլում ևս շարունակվում է: Քիչ չեն քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, որոնք երբեմն նկատում են և պնդում, որ  հայ-ադրբեջանական զարգացումներից նկատելի է՝ կա  գաղտնի գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին  էր  Հրաչյա Թաշչյանը նշանակվել  վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, այսինքն՝ նրա նշանակման ժամկետն ավարտվում էր 2023 թվականին։ «Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով»,- ասված էր 2020 թվականի  որոշման մեջ։

Մինչ այս Հրաչյա Թաշչյանը զբաղեցրել  էր  Փաշինյանի օգնականի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ պաշտոններ ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ,  ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանն ունի նաև ՀՀ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

 

Տեսանյութեր

Լրահոս