
Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ռումինիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։
Այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր բարեկամ ժողովուրդների համար այս կարևոր իրադարձության նախօրեին վերահաստատում եմ Ռումինիայի հետ միջպետական կապերն ամրապնդելու՝ մեր երկրի պատրաստակամությունը և Ձեզ հարմար ժամանակ Երևան այցելելու իմ հրավերը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: