ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են Միչիգան նահանգում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ): Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների նորությունների հեռուստաընկերությունները։
«Ինձ տեղեկացրեցին Միչիգան նահանգի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Առայժմ մենք պարզում ենք բոլոր մանրամասնությունները, ես ամբողջ սրտով ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք սիրելի մարդու կորստի աներեւակայելի վիշտ են ապրում: Ըստ երեւույթին, կրակել են մոտավորապես ինը մարդու, եւ մի քանիսը, կամ, իմ կարծիքով՝ երեքը, մահացել են»,- նշել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ կասկածյալը՝ «մոտ 15 տարեկան երիտասարդը, հանձնվել է»: «Նա հայտարարել է իր դեմ վկայություն չտալու իրավունքի մասին եւ հանձնել է իր ատրճանակը: Դա այն ամենն է, ինչ մենք գիտենք»,- հավելել է Բայդենը:
Նոյեմբերի 30-ին ավելի վաղ ոստիկանությունում հայտնել են, որ 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ ատրճանակով 15-20 կրակոց է արձակել Օքսֆորդի դպրոցում: Իրավապահները ձերբակալելիս զենքը դեռահասից առգրավել են, նա դիմադրություն ցույց չի տվել: Կատարվում է միջադեպի հետաքննություն, տեղում աշխատում են իրավապահ մարմինների շուրջ 100 աշխատակիցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: