
Ավելի քան 1800 միգրանտներ են Բելառուսից վերադարձել Իրաքյան Քրդստան

1872 քուրդ միգրանտներ են Բելառուսից հոժարակամ վերադարձել Իրաքյան Քրդստան (ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում): Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությունում Տեղեկատվության եւ ԶԼՄ-ների վարչության հայտարարությունը:
Նշվումէ, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները նախկինի պես պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցույց տալու բոլոր՝ հայրենիք վերադառնալ ցանկացողներին: Միգրացիոն ճգնաժամը Լատվիայի, Լիտվայի եւ Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին, որտեղ տարվա սկզբից միգանտներ են կուտակվել, նոյեմբերի 8-ին կտրուկ սրվել է:
Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ներթափանցել Լեհաստանի տարածք՝ ջարդելով փշալարով արգելափակոցը:
Ավելի ուշ շուրջ երկու հազար մարդու տեղավորել են Լեհաստանի սահմանից ոչ հեռու Բրուզգի տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, որտեղ պայմաններ են ստեղծվել ժամանակավոր բնակության համար:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ հանրապետության տարածքում են գտնվում երկուսից մինչեւ երեք հազար փախստականներ Մերձավոր Արեւելքի երկրներից, բացի այդ ճամբարում տեղավորվածներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: