Բաժիններ՝

Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս

Հանրաճանաչ երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս, որը նոյեմբերի 30-ին ավարտել է բրիտանական իշխանության տիրապետությունից դուրս գալու գործընթացը։ Ռոբին Ֆենտին, որն ավելի շատ հայտնի է որպես Ռիհաննա, ծնվել է Բարբադոսում եւ պատանի հասակում տեղափոխվել է ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու նպատակով:

2018 թվականի սեպտեմբերին նա Բարբադոսի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել արտասահմանում կղզի պետության ժողովրդականացման մեջ ավանդ ներդնելու համար: Նրա պատասխանատվության ոլորտում են կրթության, զբոսաշրջության եւ ներդրումների հարցերը: Նոյեմբերի 30-ին Ռիհաննան մասնակցել է Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահի պաշտոնակալման արարողությանը: Նա նստել է արքայազն Չառլզից ոչ հեռու, արարողությանը հրավիրված մյուս անձանց հետ միասին:

«Մենք ձեզ ենք ներկայացնում Բարբադոսի ազգային հերոսին՝ դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենտիին»,-արարողության ժամանակ ասել է վարչապետ Միա Մոտլին՝ իր խոսքը շարունակելով Ռիհաննայի երգերից մեկից մեջբերմամբ. «Շարունակիր փայլել ադամանդի պես եւ քո ժողովրդին փառաբանիր քո խոսքերով ու գործողություններով»: Սեպտեմբերի վերջին Բարբադոսի խորհրդարանը միաձայն պաշտպանեց Սահմանադրության մեջ կատարված այն ուղղումները, որոնք թույլ են տալիս հրաժարվել կառավարման միապետական ձեւից եւ երկիրը դարձնել հանրապետություն, իսկ գրեթե մեկ ամիս անց քվեարկեց կղզու գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնին առաջին նախագահ նշանակելու օգտին:

Նոյեմբերի 29-ին նա երդում տվեց եւ գլխավորեց պետությունը: Հանրապետության հաստատման եւ նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի է ունենում Բարբադոսի անկախության 55-ամյակի տոնակատարության օրը, որը երկիրն ստացել է դեռ 1966 թվականի նոյեմբերի 30-ին: Սակայն մինչեւ այժմ պետության ղեկավարը հանդիսանում էր բրիտանական իշխանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս