Գյումրիում պատվաստումների օր է անցկացվել
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոնի հետ հետ համագործակցությամբ:
Բոլոր ցանկացողներին միջոցառման շրջանակներում հնարավորություն էր տրված ըստ ցանկության ընտրել այն պատվաստանյութը, որը ներկա պահին առկա է հանրապետությունում՝ «Մոդերնա», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ»։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն անցորդներին բաժանում էին պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ, նրանք տարածքում պահպանվում էին նաև կարգը: Պատվաստման գործընթացն իրականացնում էին Գյումրիում գործող 4 պոլիկլինիկաների աշխատակիցները:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ, չնայած եղանակային պայմաններին, գործընթացը բավական ակտիվ է ընթանում: «Տեսնում եք հերթեր կան՝ և՛ դրսում, և՛ ներսում, բոլորը հերթագրված մտնում ու պատվաստվում են»,- նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ կամավորները հետևում են, որ տարածքում բոլորը կրեն դիմակներ և պահպանեն անհրաժեշտ հեռավորությունը:
Գործընթացին հետևելու նպատակով Գյումրիում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ևս իր գոհունակությունը հայտնեց գործընթացից: «Այսօրվա գնահատակը դրսում սպասող քաղաքացիներն են: Մարդիկ ուզում են գալ ու օր առաջ պատվաստվել։ Ու սա է մեր նպատակը, որպեսզի պաշտպանենք նրանց ու հարազատներին: Բավ է մենք մարդկանց կորցնենք, խոր ցավ ենք ապրում, երբ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել ու երբ այն ֆոնի վրա է, երբ ունենք կանխարգելիչ միջոցներ, ցավը կրկնակի է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ խորհուրդ տալով չհապաղել ու պատվաստվել: