Բաժիններ՝

Աստվածաշունչն ու Եկեղեցու հայրերը՝ Խաչի մասին

Խաչի գյուտի տոնն է

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը, որը խաչին նվիրված չորս տոներից մեկն է։ Տոնի առթիվ առաջարկում ենք կարդալ Եկեղեցու հայրերի և Սուրբ Գրքում ընդգրկված մտքերը՝ ամենազոր Խաչի մասին։

Մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին։

Հռոմ. 6։6

Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները, որոնց վրա պետք է տարածենք մեր ներքին մարդուն. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը` խոնարհության, աջը` հնազանդության, ձախը` համբերության:

Գրիգոր Տաթևացի

Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։

Գաղ. 6։14

Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է:

Հովհան Ոսկեբերան

Մենք չենք խոսում Խաչի միջի զորության մասին, տարբերակելով այն Մեկից, որի շնորհիվ մենք գոյության եկանք՝ անսկիզբ և հավիտենական զորությունից, որն առաջնորդում է արարվածներին բոլոր ժամանակներում և անդադար, աստվածորեն ու ամեն մտքից վեր, Իր Աստվածային կամքի համեմատ։

Իսահակ Ասորի

Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում։

Գրիգոր Տաթևացի

Այսօր ուրախացավ երկինքը, և ցնծաց երկիրը։ Այսօր բարգավաճելով պայծառացավ Սիոնը՝ Մայր Եկեղեցին։ Այսօր անարատությամբ հարսնացած ընդհանրական առաքելական Եկեղեցին, իր գլուխը գեղավայելուչ պսակով զարդարած ու պճնված, հրճվանքով ու բերկրանքով լցված, նշում է տոնը քառաթևի՝ Աստծո Որդու արյամբ՝ չբթացող կերպով սրված աստվածային նշանի, աշխարհը փրկագործողի, այսինքն՝ աշխարհին կյանք պարգևած, Աստծուն իր վրա ընդունած Խաչի, որ կանգնեցվեց աշխարհի կենտրոնում ու ցոլալով բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա։ Իր պահպանիչ ու ամեն ինչին հաղթող զորությամբ թևերը տարածեց բոլոր հեթանոսների վրա։

Զաքարիա կաթողիկոսի ճառը` նվիրված աստվածընկալ սուրբ խաչին

Քրիստոսի ամեն գործ Ընդհանրական եկեղեցու պարծանքն է, իսկ առավել պարծանքների պարծանքն է՝ Խաչը:

Կյուրեղ Երուսաղեմացի

Մեզ` փրկվածներիս համար խաչի քարոզությունն Աստծո զորություն է։

Ա Կորնթ. 1։18

Արդ բարձրաբերձ և վաղավեր աշտարակի փոխարեն (Բաբելոնի), ճշմարտության Խաչը կանգնեցվեց, որի զորությունը մշտնջենական է և նրա փառքը Աստված է։ Ինչպես մարգարեն է ասում. «Տերը քեզ հայտնվելու է, և Նրա փառքը ծածկելու է քեզ, թագավորները Քո լույսին են գալու, և հեթանոսները՝ Քո լույսի ծագելուն։

Գրիգոր Լուսավորիչ

Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն։

Ա Կորնթ. 1։18

Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարին հարվածելու:

Խրիմյան Հայրիկ

Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն,և ով որ Ինձ համար կորցնի իր կյանքը, պիտի գտնի այն։

Մատթ․ 16:24

Աստծո ճանապարհը ամենօրյա Խաչն է:

Իսահակ Ասորի

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս