Բավական է պատճենեք «նախկինների» ազգանպաստ ծրագրերը և դրանք ներկայացնեք՝ իբրև նոր գաղափարներ. Մարդոյանը՝ Սինանյանին
Վերջերս լսեցի ՀՀ Սփյուռքի, այսպես կոչված, հանձնակատարի հարցազրույցը, որում նա ճամարտակում էր, թե պատրաստվում է նոր թափ հաղորդել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը։
Այդ կապակցությամբ առաջիկայում իբր նոր օրինագիծ է ներկայացնելու ՀՀ ԱԺ-ի հաստատմանը, որով հայկական սփյուռքի համայնքներում հենց համայնքների անդամներից պետք է նշանակվեն ներկայացուցիչներ, որոնք պետք է լինեն ճանաչված և մեծ հեղինակություն ունեցող մարդիկ և վայելեն տվյալ համայնքի սերն ու հարգանքը` Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու համար:
Այս Գլենդելյան մոլորյալին պարզապես պետք է հիշեցնել մի քանի կարևոր փաստեր:
Այն ժամանակ, երբ նա, Գլենդելում նստած մտածում էր, թե ինչպես պետք է կազմալուծել և քարուքանդ անել ՀՀ պետականության հիմքերը, ծրագրեր էր մշակում, թե ինչպես կարելի է պառակտել հայկական սփյուռքը, Արցախից հնարավորինս շուտ ձերբազատվել, քանի որ Արցախը նրա և նրա դավաճանական թիմի համար մեծ գլխացավանք էր (իրենք այդ մասին բազմիցս են հայտարարել)՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունն արդեն դրել էր թե ներկայացուցիչների, և թե՛ խորհրդականների ինստիտուտի հիմքերը։
Առաջին.
Սփյուռքի ներկայացուցիչների ինստիտուտը տակավին հիմնադրված է եղել 2011-2012 թվականներից։ Սկզբում այդ ներկայացուցիչները եղել են դիվանագետներ, որոնք նշանակվում էին ՀՀ Սփյուռքի նախարարի առաջարկությամբ՝ Արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ և հրամանով։ Նրանք միայն զբաղվում էին համայնքների հետ տարվող աշխատանքներով և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ կապն ապահովելով։
Սկզբում այդ կառույցները գործել են հետևյալ երկրների ՀՀ դեսպանություններում՝ Լիբանան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ինչպես նաև ԱՄՆ` Կալիֆոռնիա Նահանգ։ Հայաստան-Սփյուռք կապերն ապահովվել են կադրային (արհեստավարժ) դիվանագետների մակարդակով։ Այնուհետև, ՀՀ Սփյուռքի նախարարի հրամանով՝ սփյուռքում գործող խոշոր հայկական համայնքներում (Կանադա, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ավստրալիա, Լիբանան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և ՌԴ) ստեղծվել է ՀՀ Սփյուռքի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականների ինստիտուտը։ Այդ կառույցները շատ սերտորեն համագործակցում էին ՀՀ դեսպանությունեերի հետ, կարողանում էին կյանքի կոչել ամենատարբեր տեսակի մշակութային և բիզնես ծրագրեր` յուրաքանչյուրն իր կարողության չափով:
Մի բան կասեմ այս դրածո հանձնակատար կոչվածին. բավական է պատճենես ձեր հորջորջմամբ՝ «նախկինների» ազգանպաստ ծրագրերը, և դրանք ներկայացնես իբրև քոնը և նոր գաղափար: Դրանք արդեն կային և աշխատում էին գերմանական ճշգրտությամբ և բարձր օգտակար գործողության գործակցով։
Նա խոսում էր այն մասին, թե իր առաջարկած և կապիտուլյանտ-դավաճանի ստորագրությամբ նշանակած ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես համայնքային հարցերով, որպեսզի չծանրաբեռնեն մեր դիվանագետներին իրենց բուն գործառույթներն իրականացնելու գործընթացում.
Երկրորդ.
Այսպիսի հարց. իսկ բանախոսը նկատի ունեցե՞լ է այն, որ ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ հասարակական հիմունքներով աշխատողները, բախվում են բազմաթիվ ու բազմապիսի խնդիրների, որոնք առանց դեսպանության հետ համատեղ ու կոորդինացված աշխատանքի՝ պարզապես չեն կարող լուծում գտնել, և տեղի հայկական համայնքներում ունենալու է բարդություններ և խնդիրներ։
Իսկ որ այդպիսիք լինելու են, կասկած չկա. Վկան` ԱՄՆ ում ՀՀ դեսպան Մակունցն է. հայ համայնքի ոչ մի ներկայացուցիչ չի ցանկանում հետը հանդիպել, քանի որ վերջինիս նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին ուղղակի անպատվություն էր հանձնակատարի քաղաքական թիմի կողմից բոլոր կադրային և աշխատանքային փորձ ունեցող դիվանագետների նկատմամբ:
Երրորդ.
Իշխանության եկած այս խումբը քանդեց վերջին 30 տարիների ընթացքում կայացած այն դիվանագիտությունը, որը Հայաստանը հաջողությամբ վարում էր Արցախի հարցով, ծնկաչոք էր պահում Ադրբեջանին միջազգային հարթակներում, և թուրքին նայում էին՝ որպես ագրեսորի, իսկ այսօր ունենք ճիշտ հակառակը…
Շատ հետաքրքրական է լինելու, թե առաջիկայում ովքեր են արժանապատիվ սփյուռքում նշանակվելու կապիտուլյանտի ստորագրությամբ հայկական համայնքներում ՀՀ Սփյուռքի հանձնակատարի ներկայացուցիչ:
Հ.Գ. Ի գիտություն գլենդելյան մանկան. ՀՀ սփյուռքի նախարարությունն ուներ վարչություններ, որոնք զբաղվում էին հայկական սփյուռքի ամերիկյան, մերձավորարևելյան, ռուսաստանյան և այլ շրջանների համայնքների հետ կապերի ամրապնդմամբ: Այժմ դրանցից նույնիսկ ավերակներ չեն մնացել:
Խորեն Մարդոյան
Կանադա, Տորոնտո
Համայնքային հասարակական գործիչ