Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվա առիթվ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծատայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ: Արցախի ԱԺ նախագահի ուղերձում ասված է.
«ԱՀ ՆԳ նախարար հարգարժան պարո’ն Սարգսյան, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի’ աշխատակիցներ.
Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։
Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։
Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։
Անգնահատելի և անուրանալի է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։
Ձեր ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։
Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն և աջակցելուն ։
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ԱԻ պետական ծառայողի աշխատակցի օրվա առիթով, մաղթում քաջառողջություն և ծառայություն միայն խաղաղ պայմաններում»։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին