Հռոմի պապը կոչ է արել Բայդենին ավելի հավակնոտ գործել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ավելի հավակնոտ գործել՝ հաղթահարելու մոլորակի վրա կլիմայի փոփոխությունների հետևանքները: Այս մասին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Հռոմում խոսելով լրագրողների հետ:
Նրա տվյալներով՝ Բայդենն ու Ֆրանցիսկոսը Վատիկանում տևական ժամանակ քննարկել են գլոբալ տաքացման հարցը: «Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ նախագահին, որ ամերիկյան կողմը շտապի կլիմայի հարցով իր հավակնությունների գործում»,- նշել է նա: Բացի այդ, Հռոմի պապը հերթական անգամ նշել է, որ զարգացած երկրները պետք է կորոնավիրուսի դեմ ավելի մեծ քանակով պատվաստանյութեր տրամադրեն մյուս երկրներին: Այս համատեքստում Բայդենը հավաստիացրել է Ֆրանցիսկոս պապին, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ արագացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը, այդ թվում և այլ պետություններին տրամադրելու նպատակով: