Միլոշ Զեմանի հրամանագրով Գևորգ Ավետիսյանն արժանացել է Չեխիայի բարձրագույն պարգևի
Չեխական մամուլը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրամանագիրը, որի համաձայն հոկտեմբերի 28-ի՝ Չեխոսլովակիայի անկախության 103-ամյակի կապակցությամբ պարգեւատրված 29 հայտնի դեմքերի շարքում է նաեւ մեր անվանի հայրենակից, «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։
Այս մասին հրապարակում է արել Պրահայում լույս տեսնող ՕՐԵՐ եվրոպական ամսագիր:
«Չեխիայի նախագահի հրամանագրով հանրապետության բարձրագույն պարգեւներ են շնորհվել գիտության, մշակույթի, բիզնեսի, սպորտի, ռազմական ու առողջապահության ոլորտի մոտ երեք տասնյակ հայտնի գործիչների։ Սակայն նախագահ Զեմանի հիվանդության պատճառով, պարգեւատրման հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 28-ից տեղափոխվել է 2022 թվականի հունվարի 1-ը»,- նշված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Գեւորգ Ավետիսյանը Չեխիայում հայտնի գործարար է, որը 18 տարի շարունակ արտադրում է հանրահայտ «Մարլենկա» մեղրով տորթերը եւ առաքում աշխարհի 50-ից ավելի երկիր՝ այդպիսով նպաստելով նաեւ չեխական որակյալ արտադրանքի տարածմանը։ Մեր հայրենակիցը ամենուր ընդգծում է, որ իր արտադրանքը պատրաստվում է հին հայկական ընտանեկան բաղադրատոմսով։
Ամսագիրը գրել է, որ Չեխիայի անկախության ողջ ընթացքում նա միակ հայազգի գործիչն է, որ արժանանում է նման պարգեւի։ Չեխոսլովակիայի պատմության մեջ, իհարկե, եղել են հայեր, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո պարգեւատրվել են տարբեր մեդալներով, սակայն պետական բարձր շքանշանի արժանացել է միայն Պրահայի եւ Մլադա Բոլեսլավ քաղաքների պատվավոր քաղաքացի,Սովետական Միության հերոս գեներալ Սարգիս Մարտիրոսյանը, որին շնորհվել է Սպիտակ Առյուծի Երկրորդ աստիճանի շքանշան։
Ըստ մամուլի հրապարակման՝ Գեւորգ Ավետիսյանը պարգեւատրվել է «Ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով»։ Պարգեւատրվողների ցանկում են նաեւ կինոյի եւ թատրոնի հռչակավոր դերասանուհի Յիրինա Բոհդալովան, դերասան եւ Չեխոսլովակիայի առաջին տիեզերագնաց Վլադիմիր Ռեմեկը, որոնք արժանացել են Սպիտակ Առյուծի 1-ին աստիճանի շքանշանին։
Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը Չեխիայի բարձրագույն մեդալով նշանակալի ձեռքբերում է նաեւ չեխահայության համար, ինչը վկայում է, որ չեխահայերը վայելում են երկրի բարձրագույն ղեկավարության հարգանքը եւ գնահատվում են ըստ արժանվույն։
Գեւորգ Ավետիսյանն իր ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկել նաեւ համայնքային կյանքում՝ աջակցելով բազմաթիվ հայանպաստ նախագծերի։ Հայ ձեռնարկատերը քանիցս ճանաչվել է ոչ միայն Մորավոսելեզյան երկրամասի, այլեւ Չեխիայի Տարվա Լավագույն գործարար։