Իգոր Խաչատուրովը չի կարծում, որ վիրավորել է Ստյոպա Սաֆարյանին․ Անահիտ Սարգսյան

«Իգոր Խաչատուրովը չի կարծում, որ վիրավորել է Ստյոպա Սաֆարյանին, նա արձագանքել է իր հոր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, զրպարտչական գրառմանը»։ Այս մասին Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով պատասխանող կողմի` այսօր դատարանին ներկայացրած լրացումներին։

Անահիտ Սարգսյանը նշեց, որ Եվրոպական դատարանն իր նախադեպային գործերով ամրագրել է մի շարք սկզբունքներ՝ 5 գործոններ, որոնք հաշվի են առնվում, երբ արտահայտությունը, հայտարարությունը որակվի որպես վիրավորանք, և գործոններից մեկը հանդիսանում է տուժած անձի նախնական վարքագիծը, այսինքն` շահագրգիռ անձի վարքագիծը։

«Ստյոպա Սաֆարյանը մինչև Իգոր Խաչատուրովի այդ հրապարակումն իր ֆեյսբուքյան էջում մեծ գրառում է կատարել, որտեղ Իգոր Խաչատուրովի հորը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, մեղադրել է բազմաթիվ հանցանքների մեջ, զրպարտչական, վիրավորական նյութեր են առկա, որին ի պատասխան՝ Իգոր Խաչատուրովը ասել է իր այդ խոսքերը։ Այսպես ասած՝ Ստյոպա Սաֆարյանը սադրել է Իգոր Խաչատուրովին, քանի որ, երբ որ Ս․ Սաֆարյանը մի քանի էջանոց գրառում էր արել, նա կանխատեսում էր, որ դրան պետք է պատասխան հաջորդի, Եվրոպական դատարանն ասում է՝ երբ դատարանը գնահատում է վիրավորանքը, պետք է հաշվի առնի նախնական վարքագիծը, և այդ պարագայում հնարավոր է, որ վիրավորանք չորակվի»,- մանրամասնեց փաստաբանը։

Անահիտ Սարգսյանը հիշեցրեց, որ մեր օրենսդրական կարգավորումներով ևս վիրավորանք է որակվում, երբ անձին դիտավորյալ նսեմացնելու, վիրավորելու համար է արվել հայտարությունը։

«Այստեղ Իգոր Խաչատուրովը ոչ թե դիտավորություն է ունեցել, այլ իր արձագանքն է եղել, դիրքորոշումը՝ գրառման հետ կապված, այդ մասին իր դիրքորոշումն են հայտնել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանն ու ՀՀ Սահմանադրական դատարանը, որոնք ասում են, որ դիտավորությանը պետք է ուշադրություն դարձնել և այդ համատեքստում դիտարկել՝ առկա՞ է վիրավորանք, թե՞ ոչ»,- ասաց նա։

Փաստաբանը մանրամասնեց, որ հայցադիմումի նախնական պատասխանը ներկայացվել էր այն իրավական հիմքերով, որ, եթե նույնիսկ կա որոշակի չափազանցված խոսք Իգոր Խաչատուրովի կողմից, այն չի կարող վիրավորանք որակվել, քանի որ հանրային շահին առնչվող քննարկում էր։

«Հայցվոր Ստյոպա Սաֆարյանը հանդիսանալով Հանրային խորհրդի նախագահ՝ պետք է որոշ հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտեր, քննարկումներ կազմակերպեր, հասարակության հետ քննարկումներ ունենար, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների, խաղաղության, բարեկամության հաստատման դիսկուրսի վերաբերյալ, որը նրա կողմից չի արվել, այդ պատճառով Խաչատուրվը նրան որակել է ՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ»՝ այսպես ասած, թուրքի բարեկամ, ինչը այդքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե Ստյոպա Սաֆարյանի, թե այս իշխանության որդեգրած քաղաքականությունը։ Բացի այդ, նախնական պատասխանում այն հիմքերն էր ներկայացվել, որ հանրային գործիչները քննադատությունների հանդեպ պետք է հանդուրժող լինեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։

Խաչատուրովը նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։ Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։

«168 Ժամ» ՍՊԸ-ի դեմ հայցից այսօր Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչը հրաժարվեց։

Տեսանյութեր

Լրահոս