«Ինձ ասում են, որ ես լռեմ, չահազանգեմ, իսկ լռելն ու չահազանգելն աբսուրդ է». Գորիսի փոխհամայնքապետ
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքի մարզի տարբեր համայնքապետերի դեմ իշխանությունը հարուցեց քրեական գործեր, հավանաբար հետևելով նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արտահերթ ընտրություններից հետո որոշ համայնքապետերի սպասում են քրեակատարողական հիմնարկները։
Քրեական գործեր են հարուցվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ (նա այս պահին կալանավորված է), նրա տեղակալներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել, Մ. Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխվել է։
Այս պահին կալանավորված են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն էլ երկար ժամանակ կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ արձակվեց։
Կալանավորվել էր նաև Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը, նրա խափանման միջոցը նույնպես փոխվել է։
Քրեական գործ է հարուցվել նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի նկատմամբ։
Այս համայնքապետերը մեղադրվում են կա՛մ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կա՛մ արտահերթ ընտրությունների ժամանակ կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար բնակիչներին ուղղորդելու համար։ Բոլոր համայնքապետերը Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել են մարտական գործողություններին, նրանք կանգնած են եղել դիրքերում, Մխիթար Զաքարյանն այդ պատերազմում ստացել է վիրավորում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գորիսի համայնքապետի պաշտոնում կրկին վերընտրվել է Առուշ Առուշանյանը, այսօր համայնքապետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Կարեն Քոչարյանը։
168.am-ի հետ զրույցում Կարեն Քոչարյանն ասաց՝ իրեն մի քանի անգամ կանչել ու փորձել են «հարցեր պարզել», քանի որ ինքը Սյունիքում կատարվող իրադարձությունների մասին շատ է տեղեկատվություն հաղորդում ու խոսում լրատվամիջոցների հետ։
«Գուցե արդեն իմ դեմ էլ են քրեական գործ հարուցել, բայց դեռ տեղյակ չեն պահում։ Ինձ կանչում, հարցեր են տալիս, քանի որ սահմանին թշնամին ինչ սադրանքի դիմում է, ես դրա մասին բարձրաձայնում եմ։ Ինձ ասում են, որ ես լռեմ, չահազանգեմ, իսկ լռելն ու չահազանգելը աբսուրդ է։ Այդպես ես չեմ կարող իմ գյուղին ու ժողովրդին պատասխան տամ, դրա համար ես պարտավոր եմ ահազանգել բոլոր հարցերով, ինչ կատարվում է մեր համայնքում»,- ընդգծեց նա։
Թե ովքեր են նման պահանջներ ներկայացրել իրեն՝ Կարեն Քոչարյանը չմանրամասնեց։