Ստյոպա Սաֆարյանը հրաժարվեց «168 Ժամ»-ի դեմ ներկայացրած հայցից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ մեկնարկել է Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ»-ի գործով նախնական դատական նիստը։

Նիստի ընթացքում Ստյոպա Սաֆարյանի պաշտպանը դատարանին հայտնեց, որ հրաժարվում են՝ «168 Ժամ» թերթի և կայքի դեմ ներկայացված պահանջներից։

Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը մանրամասնեց, որ Ստյոպա Սաֆարյանը սույն հայցից հրաժարվել է՝ նկատի ունենալով, որ Իգոր Խաչատուրովն ընդունել է, որ խոսքերը, որոնք, հայցվորի գնահատմամբ՝ վիրավորանք են պարունակում, իրեն են պատկանում, լրատվականն արտատպել է Խաչատուրովի խոսքերը։

«Այսպիսով ի հայտ է եկել փաստ, որը հաստատում է, որ «168 Ժամ» ՍՊԸ-ն վերահրապարակել է Խաչատուրովի կողմից հրապարակավ արված հայտարությունը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 149-րդ և 56-րդ հոդվածներով, հայցվորը հրաժարվում է սույն գործով պատասխանող «168 Ժամ» ՍՊԸ-ին ուղղված պահանջներից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչը։

Պատասխանողի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը դատարանին միջնորդեց հայցվորից 200 հազար դրամ բռնագանձել դատական ծախսերի համար։ Պատասխանողի մյուս ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ևս հայտնեց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել կրկին դատական ծախսերի փոխհատուցման հետ կապված։

Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչ Վարդանյանն արդեն Իգոր Խաչատուրովի մասով ներկայացրեց հայցի առարկան՝ պնդելով, որ նման արտահայտություններ կատարելով՝ Խաչատուրովը նպատակ է հետապնդել արատավորելու Ստյոպա Սաֆարյանի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը, նվաստացնելու վերջինիս հեղինակությունը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը դատարանին հայտնեց հայցի վերաբերյալ պատասխանը լրացնելու մասին, ինչից հետո հայցվոր կողմը ժամանակ խնդրեց պատասխանի լրացված մասին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։

Հաջորդ դատական նիստը հետաձգվեց՝ մինչև դեկտեմբերի 9-ը, ժամը 16:00-ն։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 Ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։

Խաչատուրովը նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող:

Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու։

Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերը ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս»։

Տեսանյութեր

Լրահոս