Փաշինյան Նիկոլից այդ օրը հստակ երևում էր, որ գնում ենք պարտության. Էդուարդ Շարմազանով
«Նպատակը ոչ թե եղել է՝ գնալ, խորհրդակցել կամ ֆոն ապահովել իշխանության ղեկին կանգնած մարդու թվացյալ քաղաքական հնարքների համար, այլ նպատակը եղել է՝ փորձել այդ պահին հնարավորինս օգտակար լինել պետությանն ու բանակին»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 2020թ. հոկտեմբերի 12-ին և 19-ին կառավարությունում իշխանության ու արտախորհրդարանական ուժերի հանդիպմանը:
Շարմազանովը հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրերին խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնությունները, սառեցնում են ներքաղաքական օրակարգը և պարտավորվում են ծառայել պետությանը և բանակին:
«Խոսելով հոկտեմբերի 19-ի մասին՝ անհնար է չխոսել 12-ի հանդիպման մասին, որովհետև հոկտեմբերի 19-ի հանդիպումը շարունակությունն էր հոկտեմբերի 12-ի: Հոկտեմբերի 12-ին զանգահարեցին կառավարությունից, խնդրեցին հանդիպում, մենք քննարկեցինք և որոշեցինք հանդիպել: Հոկտեմբերի 12-ի հանդիպմանը մասնակցում էին տասնյակից ավելի արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ ղեկավարներ, մենք՝ Իշխան Սաղաթելյանի հետ, գնացինք: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը, այդ պահին արդեն իրավիճակը նա ներկայացրեց, որ Թալիշը տրված է, Մատաղիսի համար մարտեր են գնում, Ջաբրայիլը տրված է, Հադրութի համար մարտեր են մղվում, չնայած մենք ունեինք տեղեկություն Արցախից, որ արդեն Հադրութը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:
Նա ներկայացրեց իրավիճակը, և իրավիճակը բարվոք չէր: Բարվոք չէր, ես չեմ կարող շատ բան գաղտնազերծել, որովհետև պետական գաղտնիքի մասին խնդիր կա, բայց հիմնական մասերով կասեմ՝ Փաշինյան Նիկոլից էդ օրը հստակ արդեն երևում էր, որ մենք գնում ենք ոչ թե հաղթանակի, այլ պարտության: Հոկտեմբերի 12-ին ինքն ասում էր, որ վատ է վիճակը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով նաև այդ օրը հնչեցրած իր ու ՀՀԿ-ի գնահատականի մասին, որ պատերազմին հանգեցրել էր գործող իշխանությունների կոպիտ սխալները, նաև ներկայացրել են իրենց առաջարկները:
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ի հանդիպման ժամանակ խոսվել է նաև ՀՕՊ համակարգում առկա խնդիրների մասին:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ի հանդիպմանը, Շարմազանովի փոխանցմամբ՝ Փաշինյանին այդպիսի ծանր հոգեվիճակում չէր տեսել երբևէ: Ըստ Շարմազանովի՝ Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը, ասել, որ կա ՌԴ նախագահից պատերազմը կանգնեցնելու առաջարկ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում