ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամներին է ներկայացրել Արցախի հարցի էությունը, խոսել է 44-օրյա պատերազմի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ:
«Ատլանտյան խորհուրդ»-ը միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնց նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգային խնդիրները:
Նախքան Հայաստան այցելելը, կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան երեք հանրապետություններում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:
Հանդիպման մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր են ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, վերջին տարիների զարգացումների ու 44-օրյա պատերազմի, Հայաստանում հետպատերազմյա իրավիճակի, մեր երկրում ժողովրդավարության մակարդակի, ինչպես նաև ապագային միտված ծրագրերի մասին:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին, արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին:
Խոսելով ժամանակակից աշխարհի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն աշխարհը դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Հանրապետության նախագահն արձանագրել է, որ նման աշխարհում մեր տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մեր ունեցած ամենամեծ ու կարևոր առավելությունը, այն է՝ մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է: