«Պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանում այս վիճակը չլիներ». Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Ադրբեջանը Արցախի դեմ պատերազմ սկսելու որոշում կայացրել է 2019 թվականին։
«Թուրքիայի հետ ունեցել են պլան և այդ պլանով էլ շարժվել են։ Հուլիսյան իրադարձություններն այդ պլանից դուրս էին, ենթադրում եմ, որ իրենք դեռևս լիարժեք պատրաստ չէին, բայց հուլիսյան իրադարձություններն օգտագործեցին ստուգելու, թե ինչպես է Հայաստանի նոր արտգործնախարարությունը՝ ճգնաժամային պայմաններում, կարողանում խաղալ դրսի դաշտում»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմին։
Նրա խոսքով՝ հուլիսյան դեպքերին հայկական կողմը հաղթեց, սակայն միջազգային ասպարեզում շատ վատ աշխատեց ՀՀ դիվանագիտությունը։
«Մենք բաց տվյալներից տեսնում էինք, որ Թուրքիան պատրաստվում է պատերազմի։ Սեպտեմբերի 22-ին չունենալով որևէ ներքին ինֆորմացիա, «Ռազմինֆոն» նյութ գրեց, և բերեցին հստակ փաստեր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության։ Ես չգիտեմ, թե ինչ են զեկուցել Նիկոլ Փաշինյանին, բայց սեպտեմբերի 25-ին մարդիկ Ֆեյսբուքում արդեն հասկանում էին, որ պատերազմն օրերի հարց է։ Այդ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանում այս վիճակը չլիներ, Ադրբեջանն այդքան վստահություն չուներ, որպեսզի գնար այսպիսի պատերազմի, եթե Հայաստանը ներսից լրիվ ավերված չլիներ, խոսքը պետական կառավարման համակարգի և պաշտպանական համակարգերի մասին է»,- հավելեց Կարեն Վրթանեսյանը։
Ըստ նրա, նույնիսկ նման իրավիճակում և անգամ սեպտեմբերի 27-ին կամ 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ եթե ոչ՝ հաղթելու, ապա՝ պատերազմը ոչ-ոքի անելու, գուցե նաև հաղթելու, որովհետև նույնիսկ նման խայտառակ կառավարման պայմաններում Ադրբեջանից պահանջվեց 44 օր, որպեսզի կարողանա ինչ-որ բանի հասնել։
«Այնպես չէ, որ կկարողանային դա պահել ևս երկու շաբաթ, մեծ հարց էր, թշնամին կկարողանա՞ր Շուշին պահել, թե՞ ոչ, որովհետև օգտագործում էին իրենց վերջին ռեսուրսները»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։