«Գործողությունները, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է գրավոր հրամանով և համապատասխան օրգանից լինեին». Սեյրան Օհանյան

«ՀՀ իշխանությունը և նաև կառավարման ղեկին կանգնած այդ գերագույն հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է կառավարման և ռազմական կառավարման ընթացակարգերի համաձայն՝ իրականացներ իր ամբողջ գործունեությունը»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչ պետք է աներ իշխանությունը, պարզաբանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ապա շարունակեց, թե  վերը նշված անձը պետք է  «ձևավորեր կառավարման օրգան և ունենար իր կառավարման կետը, որտեղից էլ պետք է լինեին հրահանգները, թե՛ գրավոր, թե՛ բանավոր։ Միանշանակ նման գործողությունները, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է գրավոր հրամանի և համապատասխան օրգանից լինեին»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ ինքն է հրամայել, որպեսզի 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հայկական զորքը հետ քաշվի Սյունիքում զբաղեցրած դիրքերից։

Ըստ Սեյրան Օհանյանի՝ այդ հարցին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանի պատասխանից չերևաց, թե նա ինչ օրգանի միջոցով է այդ որոշումն ընդունել՝ ո՛չ ԱԱԾ խորհրդի, ո՛չ Գլխավոր շտաբի, ո՛չ էլ ՊՆ-ի։ Ավելին՝ իշխանությունները պետք է տիրապետեին այն գործառույթին, որը հետագայում պետք է սահմանների ճշտման հետ խնդիրներ ունենար։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով կողմերը պետք է կանգնեին այն հատվածում, որտեղ այդ պահին կանգնած են եղել, չէր կարող որևէ մեկը բանավոր հրաման տար հետ քաշվելու, այն էլ այն վայրերում, որոնք հետագայում վիճաբանության պատճառ դառնային։ Եթե լիներ նորմալ կառավարիչ, ապա այդ կառավարիչը նույն պատերազմի չվերսկսման կամ չշարունակվելու պատճառով հրահանգ կտար զորքերին՝ կանգնել այն վայրերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն։ Ի տարբերություն սրա, հակառակորդը իր GPS-ներով միանգամից ոչ միայն դելիմիտացիայի է անցել, այլև՝ դեմարկացիայի, և ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, և արդեն իսկ սահմաններ են իրենց համար կահավորում։ Իրենք պետք է հասկանային, որ այնտեղ, որտեղ զինվորի ոտք է դրվում, հատկապես՝ թուրքի, դրանից հետո ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ նրանց հետ շպրտել»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Նույն հարցի առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հարց ուղղեց Գլխավոր դատախազությանը։

«Դատախազությունը մեզ կարող է հուշել, թե որտե՞ղ է գրված, որ ՀՀ Զինված ուժերը կարող են բանավոր ցուցումով տարածքային մեր անձեռնմխելիությունից, սահմանների անձեռմխելիությունից հետ քաշվել, և որտե՞ղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր որոշումներ կայացնել։ Գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահմանները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու, եթե այդպես լիներ, կկոչվեր, օրինակ, գերագույն գլխավոր զիջող, նահանջող, այլ ոչ թե՝ հրամանատար»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս