Անդրանիկ Քոչարյանն ունի կաշկանդվածություն՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար. Արամ Վարդևանյան
«44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ քննիչ հանձնաժողով մինչև այժմ չի ստեղծվել, որովհետև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կարծես թե ունի մեկ վճռական ելակետ, և դա Արթուր Ղազինյանին չընտրելն է,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ապա հավելեց,-«Դոնթի բանաձևի անտեսումն է, այսինքն՝ հարցեր, որոնք որևէ մեկի համար կարևորություն ունենալ չեն կարող, որովհետև տեխնիկական, իրավագիտակցության հարց է»:
Ըստ պատգամավորի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս ընթացքում տեղի չի ունեցել պրոֆիլային որևէ քննարկում։
«Իմ տպավորությամբ՝ այդ հանձնաժողովի նախագահն օբյեկտիվորեն ունի որոշակի կաշկանդվածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում «հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր։ Վստահ եմ՝ լրագրողներից շատերն այդ ժամանակահատվածում նրան հարցեր են տվել, նա պատասխաններ է տվել, այդ պայմաններում պարզ է, չէ՞, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքն անցել է նշված անձի անմիջական մասնակցությամբ։ Դրա համար էլ քննիչ հանձնաժողովի ձևավորումից խուսափում են»,- հավելեց Արամ Վարդևանյանը։
Մինչդեռ, պատգամավորի կարծիքով, պատկերն այսօր պետք է այլ լիներ, պետք է տեսնեին, որ այդ հանձնաժողովում ամենօրյա ռեժիմով աշխատանքներ էին կատարվում, ինչը, իհարկե, չկա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում