
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող․ ՊՆ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։
Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարություն
Հ․Գ․ Հիշեցնենք, որ Irakanum.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9:00-ի սահմաններում՝ Վարդենիսի Նորաբակ համայնքում, զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել:
Irakanum.am–ը փորձել էր մանրամասներ ճշտել նաև ՊՆ-ից, սակայն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։