«Թշնամին 3 ձի է գողացել, երկուսը հետ ենք բերել, 1-ը մնացել է». Խնածախի գյուղապետ
2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Թշնամին ոչ միայն պարբերաբար կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այլ բնակիչների անասուններն է գողանում և քշում իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ։ Շատ քիչ դեպքերում է հաջողվել հայկական կողմին՝ ռուս խաղաղապահների միջոցով անասուններին վերադարձնել բնակիչներին։
Այսօր նմանատիպ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Խնածախ համայնքում, թշնամին գողացել է բնակիչներից մեկին պատկանող երեք ձիերը, այս պահին վերադարձվել է 2-ը, 1-ը շարունակում է մնալ թշնամու մոտ։
168.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանն ասաց, որ չի կարող ասել, թե հստակ ժամը քանիսին է տեղի ունեցել միջադեպը։
«Թշնամին 3 ձի է գողացել, երկուսը հետ ենք բերել, 1-ը մնացել է։ Ձիերը գողանալուց հետո չեն կապել, ձիերն էլ փախել եկել են մինչև մեր պոստավոյների մոտ, պոստավոյներն էլ բերել-հանձնել են։ Մեկը դեռ թշնամու մոտ է, դեպքի վերաբերյալ ասել են ռուս խաղաղապահներին, հիմա կապի մեջ ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու, նրանք այդ հարցով զբաղվում են»,- նշեց Անուշավան Հովակիմյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ գյուղում սա առաջին դեպքը չէ, նախկինում թշնամին կրկին անասուն է գողացել գյուղից, սակայն հաջողվել է բոլորին հետ վերադարձնել։
«Ես չգիտեմ՝ ինչպես պետք է լուծվի այս հարցը, ուղղակի բնակիչները հիմա շատ զգույշ պետք է լինեն, անասուններին բաց չթողնեն, որպեսզի չանցնի նրանց վերահսկողության տակ գտնվող տարածք։ Վե՛րջ՝ այս պահին լուծումը սա է»,- եզրափակեց Անուշավան Հովակիմյանը։