ԱԺ-ում այսօր «քարոզարշավ» էր մեկնարկել. ՔՊ-ական պատգամավորն ամբիոն էր բերել Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն այսօր ԱԺ նիստում քննարկելու պրոցեսը վերածվեց նախընտրական թեժ պայքարի:

Իսկ ամեն ինչ սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի կոչից՝ գնալ և մասնակցել սպասվող ՏԻՄ ընտրություններին:

«Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ես պարզապես կոչ եմ անում մեր ժողովրդին՝ մասնակցե՛ք և մի՛ թողեք, որ ձեր չմասնակցությունը կամ անվավերները գնան՝ փոշիացվեն: Դուք ձեր չմասնակցությամբ նորից նպաստում եք ներկա իշխանությունների վերարտադրմանը: Կո՛չ եմ անում անպայման գնալ և ձայնը երբևէ չտալ գործող իշխանությունների թեկնածուներին»,- ասել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով՝ նշեց. «Ֆիքսենք, որ ոչ մեկն էստեղ քարոզարշավ չանի»:

Սակայն այս հորդորն անտեսեցին Ռ. Ռուբինյանի կուսակից ընկերները և, հավանաբար, Գորիսում կայացած վերջին ընտրությունների դառը փորձառությունը հաշվի առնելով՝ հապճեպ անցան քարոզարշավային ելույթների: Այդ առաքելությամբ նախ ամբիոնին մոտեցավ Վահագն Ալեքսանյանը:

«Տիկի՛ն Կյուրեղյան, երբ խոսում եք ՏԻմ ընտրությունների մասին ու կոչ եք անում չընտրել այս ուժին, բայց չեք առաջարկում, օրինակ, ընտրել ձեր ուժին, դա շատ լավ մատնում է այն քաղաքականությունը, որը վարում եք այս ՏԻՄ ընտրություններում,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանին՝ ասաց իշխանական պատգամավորը՝ մանրամասնելով, թե որն է այդ քաղաքականությունը,- Ուրեմն նրանց փիառ մասնագետները, վստահ եմ՝ բավականին բարձր վարձատրվող, մի խորհուրդ են տվել, ասել են՝ ինչ թեկնածու ուզում եք՝ առաջադրեք, ինչ ուզում եք՝ արեք, մենակ դուք մի գնացեք, մենակ թող ձեզ հետ չասոցիացվեն:

Նույնը տեղի ունեցավ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում, Գորիսում, որտեղ «Հայաստան» խմբակցությունն ամեն կերպ փորձեց զերծ մնալ քարոզարշավին մասնակցելուց, ամեն կերպ զերծ պահել Առուշանյանի անունը Ռոբերտ Քոչարյանի անունից, իսկ հետո էլ՝ արդեն, երբ ընտրությունները կայացան, իհարկե, բոլորիս համար հասկանալի եղանակով ու պատճառներով, փորձեցին ասել՝ տեսա՞ք՝ մենք հաղթեցինք»:

Ահա այս «բացատրական-ճանաչողական» պրոլոգից հետո իշխանական պատգամավորն անցավ բուն խոսքին.

«Հիմա ուզում եմ, սիրելի՛ կապանցիներ, ասել ձեզ, որ նույնը հիմա տեղի է ունենում ձեզ մոտ. նույն մարդիկ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը, որն ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել, դիստանցավորվել Գևորգ Փարսյանից, նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին, և ընտրելով Գևորգ Փարսյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմը»:

Հիշեցնենք, սակայն, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն անկուսակցական է եղել թե՛ նախկին ընտրություններում, թե՛ այժմ, ու Փարսյանի անունն իսկ չհիշող իշխանությունները նրանց սկսեցին չմոռանալ հատկապես նրա ընդդիմադիր հայտարարություններից հետո:

«Կապանցիներին դարձի բերելու» նույն սրբազան առաքելությամբ ամբիոնին մոտեցավ իշխանական խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ կապանցի Մարինե Ղազարյանը՝ հորդորելով ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներին:

«Սիրելի՛ կապանցիներ, քանի որ Կապանից եմ, իրավունք ունեմ կոչ անելու ձեզ, ընտրել պարոն Դավիթ Դանիելյանին»,- իր իրավունքների մասին այս պատկերացումով հայտարարեց Մ. Ղազարյանը:

Այսքանով, սակայն, ամեն բան չավարտվեց․ Վահագն Ալեքսանյանը երկրորդ ռաունդով մոտեցավ ամբիոնին՝ այս անգամ պատասխանելու Աննա Գրիգորյանին:

Հիշեցնենք՝ կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանը համարձակվել էր առաջարկել՝ չմտահոգվել իրենց դաշինքի համար, և հակադարձելով Վ. Ալեքսանյանին՝ նշել էր. «Այդքան դարդ մի արեք, էլի. դուք ձեր դարդը լացեք։ Մի մեծ շքախմբով գնացիք, ի՞նչ արեցիք՝ հաղթեցի՞ք. չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի՝ ում է ձայն է տալիս, ում է վստահում:

Սիրելի՛ կապանցիներ, առաջիկայում ընտրություններ են, և ես կարծում եմ, որ դուք արժանապատիվ կերպով կմասնակցեք ընտրություններին, և ձեր ձայնը կտաք այն մարդուն, ով ձեր կողքին է եղել ամենադժվար պահերին՝ և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից առաջ: Եվ այստեղ մարդիկ կան, որոնք պարզապես իրավունք չունեն կապանցուն ասել՝ սրան ընտրեք, նրան մի ընտրեք. Դուք դրա իրավունքը չեք վաստակել, հեռու մնացեք»։

Ահա այս հայտարարությունն անպատասխան չթողնելու համար Վ. Ալեքսանյանը նորից մոտեցավ ամբիոնին, բայց այս անգամ դատարկ ձեռքով չէր եկել. նա իր հետ վերցրել էր Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը:

«Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում ծեծել է ամեն մի դուռ, ասել էր՝ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որ նա ազատ արձակվի,- այդ խոսակցությանն ականատեսի աչքերով պատմեց ՔՊ-ական պատգամավորը, ապա ցույց տալով Երկրորդ նախագահի լուսանկարը՝ շարունակեց,- Այս մարդու նկարը որտեղ տանեք՝ դնեք, նույնիսկ եթե անգամ «Ռեալ Մադրիդի» շապիկին դնենք, էլ ոչ մի խաղ չի հաղթի էդ թիմը՝ ուր մնաց թե՝ ընտրություն հաղթեք»:

Ի դեպ, այս պատգամավորը մեկ անգամ չէ, որ իր ելույթում հիշատակում է Ռոբերտ Քոչարյանի անունը՝ գուցե  նաև այդ կերպ փորձելով արժանանալ իր քաղաքական առաջնորդի ուշադրությանը:

Վերջինս, սակայն, կարծեք, դեռ չի հաջողվում. երեկ, օրինակ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սկզբում նրան դիմեց «պարոն Պապոյան»-ով:

Ինչ վերաբերում է ՏԻՄ թեկնածուներին այս կամ այն թիմին կապելու իշխանական պատգամավորի հայտարարություններին, ապա ըստ մամուլի հրապարակումների՝ նրա որդեգրած այդ ոճը նորություն չէ. Վահագն Ալեքսանյանը տարիներ առաջ, երբ դեռ չուներ «թրենդային թրաշը», իր այժմյան թիմակից Ալեն Սիմոնյանին էր մեղադրում պատվերներ կատարելու մեջ: 

Տեսանյութեր

Լրահոս