Փաշինյանն անցնում է սահմանները, փախուստի դիմում հարցերից, «Պատիվ ունեմ»-ը Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի՝ նրա հրաժարականը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը։
«Երկրորդը, եթե կա քննարկելու թեմա, խորհրդարանն ուներ մի քանի հնարավորություններ։ Առաջինը՝ կապված տարբեր պաշտոնատար անձանց հետ, օրինակ՝ ԱԱԾ տնօրեն, պաշտպանության նախարարի, գլխավոր դատախազի, որոնց հետ կապված արդեն մեկ ամսից ավել է անցել, ինչ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին և պարզաբանումներ էին պահանջել տարբեր հարցերի շուրջ։ Այդ հնարավորությունները վերոնշյալ պաշտոնատար անձիք չէին օգտագործել և խորհրդարան չէին եկել»,– ասաց նա։
Հաջորդ հնարավորությունը, ըստ պատգամավորի՝ Սահմանադրությամբ նախատեսված եղանակով հրատապ քննարկման ձևաչափն էր, որի թեման շփման գծում ստեղծված իրավիճակն էր, սահմանզատման հարցերն էին։ «Սակայն իշխանությունը ներգրավել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին, որոնք իրավասու չէին պատասխանելու օրակարգին վերաբերող հարցերի 90 տոկոսին, մյուս 10 տոկոսի մասով, կարելի է ասել, բովանդակություն, կարևորություն պարունակող որևէ պատասխան չի եղել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է թեկուզ նշված հարցերով Փաշինյանի հետ ինչ-որ ձևաչափով հանդիպման հնարավորությանը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով նախատեսված ձևաչափեր կային, որոնց մասին արդեն խոսեց։
«Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգի հետ կապված մեր խմբակցության քարտուղարն արդեն տեղեկացրել է, դա կրկնում եմ՝ նրա հրաժարականի օրակարգն է։ Նիկոլ Փաշինյանը այն ձևաչափերով, որով հանդես է գալիս Կառավարության հարցուպատասխանի, Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, ըստ էության, չի պատասխանում հարցերին, անցնում է սահմանները, շատ դեպքերում վերոնշյալ հարցից փախուստի դիմելու համար անդրադառնում է լրիվ այլ բնույթի հարցերի, որոնք օրվա օրակարգի հետ կապ չունեին։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ նստելու, քննարկելու որևէ նպատակահարմարություն չեմ տեսնում»,- պնդեց Տիգրան Աբրահամյանը։