Ադրբեջանը հրճվում է, ասում է՝ «Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը». Աղվան Վարդանյան
«Սովորաբար մեր ինֆորմացիոն դաշտում լուր է գնում, մի բան է կատարվում, հետո հաջորդ օրը մեկ այլ բան է կատարվում, և նախորդի մասին մոռանում ենք։ Ուզում եմ անդրադառնամ երեկվա իմ հարցին ու կառավարության պատասխանին, երբ հարցը տալիս են հստակ ու ճշգրիտ, չգիտես՝ ինչու, այս մեր իշխանությունները մոլորվում են և որևէ ռեալ պատասխան չեն տալիս»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ուղղած իր հարցին։
Նրա խոսքով, երբ իշխանությանը հարց ուղղելուց հետո որևէ հնարավորություն է տրվում, սկսում են ընկնել հիստերիայի մեջ, գոռգոռալ, որի մեջ էլ կորում է օրվա բուն կարևոր հարցը։
«Երեկ ես կառավարությանը հարցրեցի, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի նախագահը 15 անգամ եղել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում՝ 2 անգամ եղել է Էրդողանի հետ, 7 անգամ եղել է կնոջ հետ, Շուշիում մուղամ են լսել, կարծեմ, ոչ այս ընտանիքի հրավերով կամ գուցե իրենց հրավերով։ Հարցրել եմ՝ դու 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ասել ես, որ առանց Արցախի Հայաստան չկա, ինչպե՞ս է այդ ամենը դրսևորվում։ Այս ընթացքում որևէ մեկն Արցախում չի եղել, հարցը կոնկրետ էր, ինչո՞ւ չեն գնացել, ե՞րբ են գնալու, պատրա՞ստ են Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պատրա՞ստ են հայտարարել, որ Հադրութը, Շուշին օկուպացված են։
Այս հարցերին ինձ պատասխանեց Սուրեն Պապիկյանը, հետո Նիկոլը խառնեց ու կարծեց, թե արտգործնախարարն է պատասխանել։ Նա ասաց, որ այս ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ գնացել են Արցախ։ Պատահական չէ, որ երեկ առավոտյան, երբ երկու խմբակցությունները քվեարկության էին դրել հակաադրբեջանական, Արցախի Հանրապետությանը պաշտպանող նախագիծ, ՔՊ-ականներն ինչ-որ պատճառներ բերելով՝ չքվեարկեցին»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանը հրճվում է, ասում է՝ «Նիկոլի թիմը տապալեց հակաադրբեջանական նախագիծը»։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը սուտը ստի հետևից է խոսում։
«Երբ սահմանված կարգը խախտելով նա խոսում էր, ես ու Արմեն Ռուստամյանը մեր տեղերից ասում էինք, որ՝ սուտ ես ասում։ Դրա համար էլ Ռուստամյանը նրան ասաց՝ նստենք՝ խոսենք, ու սուտդ կբացահայտվի, բայց չէ, ինքն ընկնում է հիստերիայի մեջ։ Բնական է, որ «Հայաստան» դաշինքն այս բանի հետ որևէ քննարկելու հարց չունի»,- շեշտեց նա։
Միաժամանակ Աղվան Վարդանյանն ասաց, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարարն իրեն շատ վատ է պահել՝ չհասկանալով, թե որտեղ է գտնվում։
«Կրկնում եմ՝ մենք իր հետ խոսելու բան չունենք, այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, որպեսզի ՀՀ հաջորդ իշխանությունը 20-25 անգամ գնա Արցախ, եթե Ալիևը գնացել է 15 անգամ»,- եզրափակեց նա։