Մինչև նոյեմբերի 10-ը որևիցե էդպիսի բան այս պահին չի նախատեսվում. ԱԽՔ

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել: Գիտեք, մեր կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերը հայելային հետ քաշվեն, այդ տարածքներում տեղակայվեն և՛ ՀՀ, և՛ ԱՀ սահմանապահ զորքերը, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վստահեցնելով նաև, որ «մինչև նոյեմբերի 10-ը որևիցե էդպիսի բան չի այս պահին նախատեսվում»։

«Ուզում եմ ասել, որ այդ ինֆորմացիան ընդամենը հանրային ինչ-որ աժիոտաժ ստեղծելու և հնարավոր ընդդիմությանը աջակցելու նպատակն է ունեցել»,- հավելեց նա:

Հարցին, թե ի՞նչն է այս պահին խոչընդոտում սկսել այդ գործընթացը՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ Հայաստանի համար որևէ խանգարող հանգամանք չկա, և հայկական կողմը հայտարարել է, որ պատրաստ է այդ գործընթացը սկսել. սպասում ենք Ադրբեջանից դրական ազդակի:

«Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի համար հիմք հանդիսացող քարտեզների ընտրության մասին հակասական տեղեկություններին՝ նա նշեց, որ   Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27թթ., որն ավարտվել է 1929-ին, և  հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը.

«Աշխատանքային խումբը քննարկում է, թե ինչպես գործընթացը սկսել, որը հիմք ընդունել: Այս պահին որևէ հստակություն չկա. մենք քննարկում ենք, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությանը տեղյակ կպահենք»:

Տեսանյութեր

Լրահոս