ՊՆ փոխնախարարը տեղեկություն չունի Գեղարքունիքի լարվածության և վիրավոր զինվորների մասին լուրերից

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց, թե սահմանային ինչ իրավիճակ է Գեղարքունիքում։

«Լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ այս պահին Գեղարքունիքի պետական սահմանային  հատվածում լարվածություն կա։ Կխնդրեմ ԱԺ ամբիոնից ասեք, թե ի՞նչ լարվածության մասին է խոսքը, ինչի՞ց է այն սկսվել։ Եթե նման բան չկա, ապա ի՞նչ է տեղի ունեցել, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով մի քանի վիրավորներ ունենք։ Կոնկրետ այս դեպքն ի՞նչ կապ ունի լարվածության հետ»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Միաժամանակ Թագուհի Թովմասյանը Պաշտպանության փոխնախարարից պարզաբանում պահանջեց ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունը հերքելու առնչությամբ։

«Երբ ՄԻՊ-ը տարածել էր տեղեկատվություն Գեղարքունիքում պետական սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների առնչությամբ, ՊՆ-ն այդ տեղեկությունը հերքեց, այն դեպքում, երբ անզեն աչքով նկատելի էր, որ ադրբեջանական գործողություններն ինչ-որ բան կուտակելուն, կոմունիկացիա կառուցելուն են միտված։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն եք հերքում»,- հավելեց Թ. Թովմասյանը։

Պատասխանելով հարցերին, Արման Սարգսյանն ասաց, որ զերծ կմնա պատասխանել առաջին հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկություն չունի։

«Ամեն դեպքում, ՊՆ շենքից դուրս գալուց հետո ես նման տեղեկություն չեմ ստացել, եթե նիստի ավարտին որևէ բան լինի, ես կհորդորեմ, որպեսզի մեր լրատվականի գործընկերներն արագ տեղեկությունը հրապարակեն, որպեսզի փարատվեն այն բոլոր կասկածները, որոնք Ձեր կողմից հնչում են»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի տարածած տեղեկատվությանը, ապա, ըստ փոխնախարարի, ենթադրաբար հարցը վերաբերում է ինժեներական աշխատանքներին տրված գնահատականին։

«Ես՝ որպես Պաշտպանության նախարարի տեղակալ, շարունակում եմ պնդել, որ ՊՆ հայտարարությունում նշված հանգամանքները․․․ և եթե ՄԻՊ-ն ունի հավելյալ տեղեկատվություն, բնականաբար, նա կարող է ներկայացնել։ Ես վստահում եմ մեր Զինված ուժերի տրամադրած տեղեկատվությանը»,- ընդգծեց Արման Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս