Մեր 14-ամյա դուստրը վարակվեց կորոնավիրուսով, բայց մենք՝ ընտանիքի պատվաստված անդամներս, չվարակվեցինք. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստն էլ բացվեց կորոնավիրուսային իրավիճակի մասին տեղեկատվությամբ և դրա մասին Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններով:
«Այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը. չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք, ընդ որում, չի բացառվում, որ մենք առաջիկայում գնանք համընդհանուր՝ նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,- նշեց գործադիրի ղեկավարը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նման սահմանափակումների պարագայում առավել հեշտ է վերահսկել, «որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ նույն ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա»:
Այդուհանդերձ, ըստ նրա՝ առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են, և որպես ասվածի ապացույց՝ վարչապետն անգամ «կիսվեց» իր ընտանիքի հաջողված պատմությամբ. «Մեր կառավարությանը հաջողվել է՝ այդ թվում և մեր միջազգային գործընկների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ (չնայած նվիրատվությունները չլինեին էլ՝ մենք պլանավորել էինք ձեռք բերել), այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր: Եվ մեր ռազմավարությունը պետք է լինի՝ գնալ այս պատվաստումների ուղղությամբ:
Իհարկե, ես չգիտեմ՝ ինչքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ՝ պատասխանելու համար այն հարցին՝ ինչքանով է պատվաստանյութերն էֆեկտիվ և ինչքանով՝ ոչ էֆեկտիվ: Ես ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված մի իրավիճակ ներկայացնել: Նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները՝ մենք, պատվաստվել ենք՝ բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են: Եվ վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավականին ուշ՝ մոտավորապես մեկ շաբաթ անց, և, բնական է, 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում:
Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով, չնայած՝ մյուս կողմից՝ մենք գիտեինք, որ կարող ենք վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում: Ընդ որում՝ պատվաստված ենք տարբեր պատվաստանյութերով»: