Քովիդ նոր շտամով վարակված 122 հղի կին հոսպիտալացված է, նրանցից 53-ը թթվածնից կախյալ է. Անահիտ Ավանեսյան
Կառավարության հերթական նիստում մինչև օրակարգին անցնելը Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված ծայրահեղ լարված իրավիճակ է:
Վերջին տվյալները ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ այդմ՝ իրականացվել է 15818 թեստավորում, որից հայտնաբերվել է 2307 դրական դեպք, արձանագրվել է 38 մահ, առողջացած քաղաքացիների թիվը 962 է:
«Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին. ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն գրեթե անընդհատ զբաղված է:
Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 քաղաքացի, թոքային օդափոխության սարքին միացված է 152 քաղաքացի,- հավելեց նախարարը, ապա անդրադարձավ նոր շտամի առանձնահատկություններին,- Ես պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն այն է, որ թե՛ իր հիվանդության ընթացքի ծանրության առումով, թե՛ վարակելիության առումով, և թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում:
Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ մենք ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են, և որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»:
Անդրադառնալով այս հիվանդացության պատկերի վրա պատվաստում ստացած քաղաքացիների համամասնությանը՝ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702 են, հոսպիտալացված մոտ 3000 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96 ն է, իսկ վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 5 պատվաստված քաղաքացի կա: