Տունը լիքն էր թմրանյութով… ոստիկանություն
Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին խուզարկություն է կատարվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի մի բնակարանում: Տան տարբեր տեղերից հայտնաբերվել են թմրանյութեր:
Ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ հայտնաբերվել է երեք փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 7 գրամից ավելի քաշով: Մեկ այլ մահճակալի վրա՝ արկղի մեջ, հայտնաբերվել է երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9 գրամ նույն զանգվածից:
Մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ՝ ընդհանուր 30 գրամից ավելի, իսկ հյուրասենյակում՝ 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված:
Պատշգամբի պահարանից էլ հայտնաբերվել են 15 գրամից ավելի կանաչավուն և 27 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ պահարանին դրված զամբյուղում` չորացված տերևներ ու ճյուղեր՝ 15 գրամից ավելի քաշով:
Նույն հասցեում հաշվառված 47-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Գորիսի քննչական բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: