Չինաստանը չի միանա զինաթափման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններին. փորձագետ
Չինաստանը երբեք չի միանա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ երկխոսությանը, քանի որ նրա զինանոցի չափերն անհամաչափելիորեն պակաս են միջուկային զենքի այն քանակության համեմատությամբ, որն ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է պաշտոնաթող գեներալ-մայոր, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիային առընթեր Պաշտպանական ոլորտում չին-ամերիկյան հարաբերությունների կենտրոնի տնօրեն Յաո Յունչժուն:
«Ես չեմ կարծում, որ Չինաստանը երեւիցե կհամաձայնի միանալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ զինաթափման շուրջ բանակցություններին կամ երկխոսությանը, որովհետեւ մեր (միջուկային զինանոցի) չափերը տարբեր են, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հսկայական զինանոց ունեն, իսկ Չինաստանը միայն փոքր զինանոց ունի»,- Յաո Յունչժուն հայտարարել է Պեկինի Սյանշանի համաժողովի շրջանակներում անցկացված արտակարգ խորհրդաժողովի պայմաններում:
Նրա խոսքով՝ նման հանգամանքներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ եռակողմ համաձայնությանը միանալն այնքան էլ արդարացի չի լինի Չինաստանի վերաբերմամբ:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Չինաստանը հավատարիմ է առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը, եւ այդ քաղաքականությունը փոխելն այնքան էլ դյուրին չէ:
Վերլուծաբանը նաեւ մատնանշել է, որ միջուկային զսպման հիմնական տրամաբանությունը մնում է առաջվանը, եւ քանակությունը մեծ նշանակություն չունի ճիշտ այնպես, ինչպես զինանոցի մեծացումն ու կրճատումը, քանի որ նույնիսկ փոքր քանակությամբ միջուկային զենքը բավարար կլինի հակառակորդին զսպելու համար, որը շատ ավելի մեծ զինանոց ունի: