«Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակի» պաշտոնական կայքը, գրել էր, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունների այս քայլը, ինչո՞վ է աչքի ընկել Արարատի նախկին մարզպետը, որ կրկին փորձում են նրան առաջադրել Արարատում։
Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ Արարատի մարզն ի սկզբանե եղել է Հայաստանին կերակրող տարածաշրջանը, այսինքն՝ գյուղմթերքի մեծ մասն արտադրվել է Արարատյան դաշտավայրում։
«Կարծում եմ՝ այս կառավարությունն ամեն ինչ տակնուվրա է արել ոչ միայն՝ տնտեսական, դիվանագիտական, պաշտպանության ոլորտներում, այլև՝ հենց գյուղատնտեսության ոլորտում։ Երբ փակեց գյուղնախարարությունը, արդեն պարզ էր ամեն ինչ։ Կարծում եմ՝ այս կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի։ Դրա համար էլ Գարիկին էլ բերեցին, որ այս իրենց «չնաշխարհիկ» ծրագիրն օգտագործեն»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Գարիկ Սարգսյանը կարող էր չլինել, բայց լիներ իշխանության թիմից մեկ ուրիշը՝ տարբերություն չկա։
«Վերջին տարիներին մեր ժողովրդի մեջ մտցրեցին, թե բոլորը թալանչի են, «ռեկետ» են անում, և այլն, անգամ սկսել են նախկինների լավ աշխատանքը չգնահատել։ Ինձ թվում է՝ Գարիկն իր սիրելի մոսկվաներում կամ չգիտեմ ռուսաստաններում չկարողացավ քարերն իրար վրա ճիշտ շարել, այնտեղից լարեցին։ Ինչ ասեմ՝ թող նրա կատարած աշխատանքից մի դրական բան ասեն, ասեմ՝ ապրի։ Գարիկը չէ, նրա շրջապատից ՔՊ-ական ով ուզում է՝ լինի, եթե ինձ կկարողանա ապացուցել, որ երկրի, մեր ժողովրդի համար որևէ դրական քայլ գրանցել է, առաջինը ես ատամներով իրենց կպաշտպանեմ։
Ցավոք, ասել եմ, ու կրկնում եմ՝ սրանք թուրքական «գորշ գայլերն» են՝ հայի դիմակով, որ գրավել են և՛ խորհրդարանը, և՛ Կառավարության շենքը։ Սրանք ուզում են իրենց սուլթան կարգեն»,- հավելեց Ուրցաձորի ղեկավարը։
Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների հետ իրենց համագործակցությանը, Ռաֆիկ Անդրեասյանը նկատեց՝ ներկայիս իշխանությունն իր համար գոյություն չունի, այդպես է եղել ի սկզբանե։
«Ինքս ՏԻՄ-ի ակունքներում կանգնած մարդ եմ եղել ու կանգնելու եմ մինչև վերջ, որպեսզի կայանան ՏԻՄ-երը, դրա համար հույսս դրել եմ իմ ժողովրդի, մեր բնակիչների վրա։ Ինչ վերաբերում է այս կառավարության արած գործերին, ապա ասեմ՝ այդ նույն Գարիկը որքան ժամանակ մարզպետ աշխատեց, այդքան ժամանակ ՀՀԿ-ի ծրագրով էր աշխատում, այդ ընթացքում անգամ չկարողացավ մի ծրագիր գրել, մի բան առաջարկել։ Այ մարդ, նա ի՞նչ քաղաքական պաշտոն վարող մարդ է, դրանք լավ գործ տվողներ են, ուրիշ ոչ մի բան, լավ մարդկանց վրա ցեխ շպրտողներ են, իրենց մասին ավելին չեմ կարող ասել»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունները Ռաֆիկ Անդրեասյանին պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, նրա նկատմամբ հարուցվեցին նաև քրեական գործեր, սակայն հրաժարականից հետո անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում Անդրեասյանը վերընտրվեց՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին: