Ճապոնիայի արքայադուստր Մակոն հասարակ մարդու հետ է ամուսնացել
Առավոտյան Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի դուստրը՝ արքայադուստր Մակոն, ամուսնացել է հասարակ մարդու՝ Քեյ Կոմուրոյի հետ, նրանք հանդիպում էին մի քանի տարի: Այդ մասին հաղորդել է Kyodo News-ը՝ վկայակոչելով Կայսերական պալատի վարչությունը: Նա զրկվել է կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից եւ այժմ կրելու է ամուսնու ազգանունը:
Ամուսնության գրանցումը տեղի է ունեցել առանց շքեղ արարողությունների եւ հանդիսավոր ընդունելության: Ենթադրվում է, որ գրանցումից հետո նորապսակները կանցկացնեն մամուլի ասուլիս, սակայն նրանք պարզապես հայտարարություն են արել եւ լրագրողներին բաժանել նախապես ընտրված հինգ հարցերի գրավոր պատասխանները: Համեստ արարողությունը եւ լրագրողների հետ սահմանափակ շփումը Kyodo-ն կապել է կայսերական ընտանիքի հանդեպ 4 միլիոն իենի չափով փեսացուի մոր պարտքի շուրջ առաջացած բազմամյա սկանդալի հետ: Այդ թեմայով հրապարակումները արքայադստեր մոտ առաջացրել են սթրեսային խանգարում, եւ առաջիկա մամուլի ասուլիսի ու տարբեր հարցերի անձամբ պատասխանելու անհրաժեշտության մասին մտքերը նրան հարկադրել են չեղարկել ԶԼՄ-ների հետ շփումները, հայտարարել է Վարչությունը:
Ըստ ճապոնական օրենքների, ամուսնանալով հասարակ մարդու հետ, արքայադուստրերը զրկվում են կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից, նման բան արքայազններից չի պահանջվում: Մակոն հրաժարվել է ոչ միայն արարողակարգային հարսանիքից եւ ենթադրվող խնջույքից, այլեւ այս դեպքում արքունիքը լքող արքայադուստրերի ավանդական (153 միլիոն իեն կամ 1,35 միլիոն դոլար) փոխհատուցումից. ВВС News-ը նշում է, որ նա դարձել է առաջին արքայադուստրը, որն արհամարհել է երկու ավանդույթները: Նորապսակները 30 տարեկան են: Նրանք ծանոթացել են քոլեջում: Նրանց նշանադրության մասին հայտնի է դարձել 2017 թվականին: Սպասվում էր, որ նրանք կայուսնանան հաջորդ տարի, բայց Կոմուրոյի մոր պարտքերի հետ կապված սկանդալը նրանց հարկադրել է հետաձգել ամուսնությունը: Ենթադրվում է, որ ընտանիքը շուտով կտեղափոխվի Միացյալ Նահանգներ: Կոմուրոն աշխատում է ամերիկյան իրավաբանական ֆիրմայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: