Հատուկ տարածք է տեղափոխվել իրավախախտ թվով 68 շրջիկ առևտրային կետ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Երևան քաղաքի ավագանին 36 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշեց Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» N242-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի ցանկի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Ամիրաղյանի փոխանցմամբ՝ 2021 թվականի օգոստոսի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով Լեռ Կամսար փողոցի թիվ 40 հասցեի /Հայաստանի ամերիկյան համալսարանի/ դիմացի շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրը Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N242-Ն որոշման հավելվածով սահմանված ցանկից հանել, քանի որ նշված տարածքը Երևանի քաղաքապետի 2002 թվականի օգոստոսի 22-ի N1432-Ա որոշմամբ բարեկարգման նպատակով տրամադրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանին: Հայաստանի ամերիկյան համալսարանն իր միջոցներով նախաձեռնել և կատարել է նշված տարածքի բարեկարգմանն ուղղված մի շարք աշխատանքներ։
Խաթարվում է նաև երթևեկությունը, ուստի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել տվյալ կետը:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց՝ այլ տեղ տեղափոխելո՞ւ են, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյոք հանվե՞լ են առևտրի բոլոր ապօրինի կետերը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Սերգեյ Հարությունյանը պատասխանեց․
«Այն իրավիճակը չունենք, որ բոլոր սահմանված կետերը զբաղված են, և այս կետը հանելով՝ ինչ-որ գլոբալ բան է փոխվում: Ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որտեղ մինիմումի է հասցված մարդկային գործոնը. ոչ մեկը չի ուղղորդում, թույլատրում, ու ցանկացած տնտեսվարող կարողանում է տեղն ամրագրել»:
Էդուարդ Ամիրաղյանն էլ հավելեց, որ 2021թ. համար Երևանում տրվել է 12 շրջիկ առևտրի թույլտվություն, հատուկ տարածք է տեղափոխվել իրավախախտ թվով 68 շրջիկ առևտրային կետ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվում: տուգանքի չափը 100.000 դրամ է, մեկ տարում կրկին խախտում կատարելու համար՝ 500.000 դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում