Բաժիններ՝

Մոսկովյան 3 հասցեում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին 33 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայնով որոշեց՝ տալ համաձայնություն Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու համար։

Հավելենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից ներկայացվել է միջնորդություն՝ Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում, Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրել 20-րդ դարի լավագույն մարզիկ ճանաչված, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Վաղարշակի Ազարյանի արձանը: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա, իսկ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։

1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից: 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1961 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից հետո հանդես է եկել Կուբայում։ 1963 թվականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, և դարձել բացարձակ չեմպիոն։ Այսպիսով՝ մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով: 1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահը: Հաշվի առնելով Ալբերտ Ազարյանի նշանակալի դերն ու ավանդը մատաղ սերնդի դաստիարակման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի, օլիմպիական գաղափարների տարածման գործում և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

«Երևան քաղաքում Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս