Բաժիններ՝

Թուրքիայում բարձրացրել են Աթաթուրքին նզոված կրոնական սպասավորի պաշտոնը

Ալի Էրբաշի գլխավորած Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը բարձրացրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին (Աթաթյուրք) անիծած կրոնական սպասավորի՝ Մուստաֆա Դեմիրքանի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մուստաֆա Դեմիրքանն օրերս մասնակցել է իսլամական կրոնական սպասավորների ավարտական արարողությանը՝ հանդես գալով որպես հաֆեզների պետ (Reisül-Kurra), ինչից պարզ է դարձել, որ նա է արդեն զբաղեցնելու այդ պաշտոնը։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ստամբուլում՝ Սուրբ Սոֆիայի տաճարում, այն ժամանակ իսլամական կրոնական սպասավորների ավարտական արարողության ժամանակ հաֆեզների պետի փոխանորդ հանդիսացած Մուստաֆա Դեմիրքանն անեծք էր կարդացել՝ թիրախավորելով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին։

Ավարտական արարողությանը ներկա են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Դեմիրքանի նկատմամբ բազմաթիվ բողոքներ էին ներկայացվել, սակայն Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը 3 ամիս հետո հայտարարել էր, որ Դեմիրքանը թոշակի է անցել և որևէ կապ չունի վարչության հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս