«Այնքան իմպոտենտ իշխանություն եք, որ չեք կարողանում սեփական թիմին ղեկավարել». Անի Խաչատրյան

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորի՝ Լևոն Հովհաննիսյանի և Արմեն Գալջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ և դրամական փոխհատուցում չտալ ավագանու անդամին, երբ, օրինակ, վերջինս բացակայել է ավագանու հերթական նիստից, կամ, երբ չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին:

Լևոն Հովհաննիսյանի՝ հարցի զեկուցումից հետո «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը խնդրեց իրեն տրամադրել վերջին 5 ամիսների ավագանու անդամների բացակայությունների ու փոխհատուցումների մասին տեղեկությունը, ապա հայտնեց, որ այս նախագծով իշխող ուժը փորձում է ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների միջոցով քվորում ապահովել այն դեպքում, երբ չի կարողանում դա անել իր անդամների միջոցով:

«Պարոն Հովհաննիսյան, Ձեզ բնորոշ, Ձեզ ասած՝ քաղաքական թիմին նկատի ունեմ, մանիպուլյատիվ նախադասություններ եք օգտագործում, մանիպուլյատիվ, էժանագին, փոխում եք իրավիճակը…

Պարոն Հովհաննիսյան, Ձեզ ասեմ, որ այդ ցուցակը լինելուց հետո ես կհրապարակեմ, ու Երևանի քաղաքացիները կտեսնեն, թե ընդդիմադիր երկու խմբակցության քանի անդամ քանի օր է բացակայել, ոչ թե վերջին 2, 5 ամիսներին, այլ պաշտոնավարման սկսելու օրվանից մինչ օրս: Ու կհրապարակենք Ձեր թիմի բացակայությունների ցանկը: Ուղղակի Ձեր թիմի բացակայությունները, ցավոք, հրապարակելը մի քիչ դժվար է, որովհետև 170 հոգանոց ցուցակ ունեցող խմբակցության 120 անդամն արդեն․․․ ցուցակն արդեն պտտվել է, Դուք հա փոխվում եք, Դուք ձեր մեջ, 57 հոգի ֆռում ա, էլի…

Հիմա այսպես․ Դուք ասում եք՝ «ինչի՞ է ընդդիմությունն այս ամեն ինչին դեմ»: Ասե՞մ՝ ինչի է ընդդիմությունը դեմ: Որովհետև դուք այնքան իմպոտենտ իշխանություն եք, որ չեք կարողանում ձեր սեփական թիմին ղեկավարել, բերել նիստի, Ձեր թիմը չի գալիս նիստերի, և Դուք ուզում եք, ինչպես նախորդ քվեարկությանը ես և տիկին Վարդանյանը չմասնակցեցինք, որովհետև հետաքրքրություն չունեինք այդ նախագծում… այսինքն՝ Դուք մեզ ստիպում եք հերթագրվել… Ինչի՞, որովհետև Դուք Ձեր 50-ից ավել խմբակցությունից 33 անդամ չեք կարողանում նիստերի ժամանակ ունենալ: Բազմաթիվ անգամներ կարող ենք նշել, թե ոնց եք ընկել ընդդիմության հետևից, խնդրել գալ դահլիճ, որ քվորում ապահովենք՝ Ձեր օրակարգը պրավալ չգնալու համար: Դուք այսօր լուծում եք այն հարցը…

Ես պատրաստ եմ քվեարկել կողմ այն նախագծին, որտեղ կասվի, որ ամեն հարցից առաջ ես ստորագրում եմ, որ ես դահլիճում եմ, բայց ես չեմ կպցնում այս չիպն այս ապարատին, որ Ձեր համար քվորում ապահովեմ: Եթե Դուք բերեիք նախագիծ, որ մենք պարտավոր ենք բոլոր հարցերի ժամանակ առնվազն 50-ի, կամ թեկուզ առնվազն 100-ի ժամանակ լինել դահլիճում, դա կհասկանայի, բայց բերել եք նախագիծ, ասում եք՝ «Դուք պետք է գրանցվեք»: Այսինքն՝ մենք գրանցվում ենք, ապահովում ենք 33 ավագանու անդամը… Ո՞ր իրավունքով եք Դուք իմ իրավունքը ոտնահարում, որ ես ուզում եմ բոյկոտել նիստի օրակարգային 50% և ավել հարցերը, օրինակ»,- ասաց Անի Խաչատրյանը:

Հարցի զեկուցողն էլ Անի Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ նշեց, թե գալ նիստին, ստորագրել, ապա գնալ ու սենյակում սուրճ խմելը, խոսելը կամ լրագրողների մոտ ինչ-որ հայտարարություն անելը ու գնալը՝ մասնակցություն չէ:

Անգամ Անի Խաչատրյանի արձագանքից հետո էլ զեկուցողը չպատասխանեց ավագանու անդամի հարցին՝ նշելով.

«Նույն իրավական ակտի շրջանակներում, որն ասում էր՝ «տիկին Խաչատրյան, եկեք ստորագրեք և իջեք սուրճ խմելու», նույն իրավական ակտի շրջանակում գրում ենք, որ պետք է հարցերի գոնե կեսին մասնակցեք: Ինչին ենթարկվում էիք, դա ենք փոխել: Նորը չենք բերել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս