«Սա ժամանակավոր լուծում է»․ 67 միլիոն դրամով ավտոբուսների համար ձեռք կբերվի մետաղադրամներ հաշվող 405 սարք

«Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. Նախագծով առաջարկվում է 67,800.0 hազար դրամն ուղղել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել թվով 405 հատ մետաղադրամների հաշվիչ մեքենաներ՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխությունները: Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ  Վիլեն  Արևշատյանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց՝ նոր ավտբուսները հագեցած են լինելու նոր տուփերո՞վ, որոնք կան նոր գազելներում, եթե այո, ապա հարմար չէ:

«100 դրամի խնդիր կա իսկապես: Մարդիկ չունեն 100 դրամ՝ իջնում են: Եվ հետո ի՞նչ ենք անելու այդ տուփերը, եթե ժամանակակից քարտային համակարգը ներմուծվի»,- հարցրեց ավագանու անդամը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. «Այս պահին մեր նոր ավտոբուսները կոնկրետ 100 դրամի համար են հատկացված լինելու, և եթե չլինի դա, ու մարդկանց ստիպենք տոմս գնել, դա ավելի անհարմար կլինի: Պետք է գնան մետրո կամ հատուկ կրպակներ, նույն 100 դրամը տան, տոմս վերցնեն, մենք հեշտացրել ենք գործընթացը: Սա ժամանակավոր լուծում է»:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ քարտային համակարգի նոր մրցույթ կհայտարարվի այս շաբաթվանից, և զուգահեռ կգործեն երկու համակարգն էլ:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից Լևոն Զաքարյանն էլ բարձրացրեց քաղաքացիներին հուզող հարցերը, այն, որ տրանսպորտը ժամանակին չի գալիս, և այլն: Ապա հետաքրքրվեց, թե 211 նոր ավտոբուսներն ինչպե՞ս են ներգրավվելու:

«Մենք տրանսպորտում ունենք մեծ խնդիրներ: 100 հատ 6.6 մետրանոց փոքր դասի ավտոբուսներ են բերվել, 8.6 մետրանոց ավտոբուսները հասել են Երևան,  տեղափոխելուց 4-5 վնասված միավոր ունենք, որոնք նույնպես պետք է կարգի բերվեն, ընդունման-հանձնման գործընթաց կա, որը ժամանակ է խլելու, կան փաստաթղթային հարցեր՝ մաքսազերծում և այլն, ու դրանից հետո ավտոբուսները կսկսեն աշխատել քաղաքում: Այս պահին վարորդներ են պատրաստվում, անցնում ուսուցում՝ մասնագետների կողմից, ովքեր եկել են Երևան»,- մանրամասնեց Հայկ Մարությանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանն էլ հետաքրքրվեց, թե հետո այդ սարքավորումներն ի՞նչ ենք անելու, եթե անցնենք քարտային համակարգի:

Քաղաքապետն արձագանքեց. «Առանց դրա հնարավոր չէ, եթե այդ քայլը չարվի, չենք կարող առաջ շարժվել: Տարբերակներից մեկն է՝ սպասել մեկ տարի, մինչև քարտայինը լինի, նոր ավտոբուսները աշխատեն»:

Քվեարկությամբ 36 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս