Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն բանից հետո, երբ Էրդողանը «սահմանադրական կարգը տապալելու» ու «լրտեսության» մեջ մեղադրվող և 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային անվանել էր «Սորոսի մնացուկ», «Թուրքիայում Սորոսի մասնաճյուղ», թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը որոշել է Էրդողանին հիշեցնել նրա «սորոսական անցյալը»:
Լրագրողը հրապարակել է Էրդողանի և Սորոսի համատեղ լուսանկարները: Դրանցից մեկը արվել արվել 2003թ. Դավոսում հանդիպման ժամանակ, մյուս 2 լուսանկարներն արվել են 2005թ. Դավոսում և Անկարայում: Լրագրողն ընդգծել է, որ այս հանդիպումների մասին հանրության քիչ բան է հայտնի:
Այդ լուսանկարներում Էրդողանի և Սորոսի կողքին երևում են Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Քեմալ Ունաքըթանը, այդ պաշտոնը այլ ժամանակահատվածում ստանձնած, իսկ այժմ ընդդիմադիր գործիչ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, ֆինանսների նախկին փոխնախարար Աբդուլլաթիֆ Շեները:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրի արտգործնախարարությանը հանձնարարել է ««անցանկալի անձ» հայտարարել այն 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել Օսման Քավալային՝ նշելով, որ նրա դատավարությունը ստվեր է գցում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա: