Բաժիններ՝

«Շատ լավ լուր՝ հիմա նոր հիմնադիր է գալու, որը մարելու է պարտքերը և վերակառուցում է անելու». Թիվ 2 բուժմիավորման տնօրեն

Թիվ 2 բուժմիավորման ստացիոնար և պոլիկլինիկական ծառայության բժիշկները հերթական անգամ բարձրաձայնում են մեկ ամսվա աշխատավարձը չստանալու մասին:

Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանին պատկանող այս բուժմիավորումը վաճառվել է, ու աշխատակիցները մտավախություն ունեն, որ նոր գնորդը նախկինի պարտքերը չի մարի:

Բուժմիավորման տնօրեն Տիգրան Խաչատրյանից փորձեցինք պարզել, թե ո՞րն է աշխատավարձի ուշացման պատճառը, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Բոլոր ամիսների աշխատավարձը տվել ենք, մնացել է սեպտեմբեր ամսվանը, որն էլ մինչև ամսվա վերջ վճարվելու է»:

Ինչ վերաբերում է բուժմիավորումը վաճառելու մասին լուրերին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ լինում է, որ հիմնադիր է փոխվում:

«Ներդրումային մեծ ծրագիր է պատրաստվում, իսկ աշխատավարձի բոլոր պարտքերը փակվելու են: Շատ լավ լուր՝ հիմա նոր հիմնադիր է գալու, որը մարելու է պարտքերը և անելու է վերակառուցում. նոր, որակով կլինիկա է դառնալու: Աշխատակիցները մեկ շաբաթ էլ թող համբերեն, ու ամեն ինչ շատ լավ է լինելու»,- նշեց բուժմիավորման տնօրենը՝ շեշտելով, որ հնարավոր չէ, որ չվճարեն աշխատավարձը, քանի որ պայմանագրով նախատեսված է, որ երբ նոր հիմնադիր է գալիս, մասնաբաժին է գնում, պայմանագրով նախատեսված է, որ մարելու է բուժմիավորման բոլոր պարտքերը, ոչ միայն աշխատավարձերը:

Տնօրենն ընդգծեց, որ պարտքի խնդիրը ծագել է անցած տարի՝ պայմանավորված կորոնավիրուսով. հիվանդանոցը 8 ամիս չի աշխատել: Սակայն պարտքը մարել են ժամանակի ընթացքում, մնացել է սեպտեմբեր ամսվանը:

Հարցին անդրադարձել էր նաև  Առողջապահության նախարարությունը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էին, որ ոչ մի պարտք-պահանջ նախարարությունը պոլիկլինիկայի հետ չունի:

Փոխանցել էին, որ այն մասնավոր հիմնարկ է, իրենց ենթակայության ներքո չէ, սակայն ունի պետական պատվերի պայմանագիր, ու ինչքան կատարողական ունեն պետպատվերով՝ տվել են, պոլիկլինիկայի գումարն էլ՝ հետը, սահմանված կարգով:

Շեշտել էին, որ Առողջապահության նախարարության և տվյալ կազմակերպության միջև կնքված պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրի դրույթների համաձայն՝ գումարը փոխանցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս