Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում». Արթուր Սարգսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր խորհրդարանում երդվեց, քանի որ մինչ այդ կալանավորված էր: Իսկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր դեմ հարուցված քրեական գործը զուտ քաղաքական հետապնդում է:
«Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունել, դա քաղաքական հետապնդում է: Քրեական գործը շարունակվում է, գործից շատ չխոսեմ, քանի որ այն դատավարական փուլում է: Փաստաբանները միջնորդել են, և խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխվել է: Այսօր առաջին անգամ եկել եմ աշխատանքի, երդվել եմ, որպեսզի ծառայեմ իմ ժողովրդին, և այն խոստումները, որոնք տվել եմ իմ ընտրողներին, վստահեցնում եմ, որ կկատարեմ»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ Սյունիքի մարզի համայնքապետերով դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին արված հայտարարությամբ պահանջել էին իշխանությունների հրաժարականը՝ ելնելով համայնքի ու բնակիչների անվտանգությունից, առանց քաղաքական շահարկումների:
Անդրադառնալով Սյունիքի մի քանի համայնքներում տեղի ունեցած ընտրություններին, Արթուր Սարգսյանն ասաց, որ Մեղրիում ու Գորիսում այն ողջ իրականությունն է, որը բնակիչներն իրենց քվեարկությամբ հաստատեցին:
«Այդ ընտրություններով դուք տեսաք, որ Առուշ Առուշանյանը բացարձակ հաղթանակ տարավ կալանավայրից: Եթե Տեղ համայնքում էլ հաղթել է ՔՊ-ական թեկնածու, նշանակում է՝ նա հարգանք ունի տվյալ համայնքում: Ինչ վերաբերում է Կապանի համայնքապետի առաջիկա ընտրություններին, ասեմ՝ Գևորգ Փարսյանն իմ ընկերն է, նա շատ բան է արել Կապան համայնքի համար, վստահ եմ, որ կապանցիները ճիշտ որոշում կկայացնեն և իրենց ձայնը կտան Փարսյան Գևորգին: Ես նրա կողքին եմ»,- հավելեց պատգամավորը:
Ըստ նրա, երբ Սիսիանի համայնքապետ էր, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ չէր տալիս, քանի որ երբ լրատվամիջոցներից իրեն զանգահարում էին, նա դիրքերում էր՝ մայիսի 23-ից, մինչև հունիսի 8-ը եղել է Իշխանասարի հատվածում՝ավագանու իր ընկերների, համայնքների ղեկավարների հետ:
«Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև Իշխանասարի հատվածում է»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության անդամ պատգամավորը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 17-ին՝ 2016թ. հոկտեմբերի 7-ից որպես Սիսիան համայնքի ղեկավար՝ շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մեղադրանքով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում